Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Յակուբ Կուլհանեկը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Պարոն Կուլհանեկը շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: