01.10.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իտալիայի վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհբերի հիշատակը:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պարոն Պիետրո Կուրցիոն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: