01.11.2016

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան այցելեցին Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակները:
Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին և Գերմանիայի Օստալբ շրջանի պատվիրակությանը դիմավորեց և ողջունեց ՀՑԹԻ տնօրենը: Հայկ Դեմոյանը հյուրերին պատմեց թանգարանի կառուցման էտապների և Հայոց ցեղասպանության պատմական դրվագների մասին:
ԳԿԽ ԲՎ ԵԿ ներկայացուցիչները ծանոթացան Մեծ Եղեռնի թանգարանային ցուցադրությանը, շրջեցին թանգարանի սրահներում:
ԳԿԽ ԲՎ երկրամասային կազմակերպության ներկայացուցիչները մարդասիրական գործունեություն են սկսել Հայաստանում 1988-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո: Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող մարդասիրական օգնությունը շարունակվում է նաև այսօր: Մասնավորապես, գերմանացի ժողովրդի նվիրատվություններով շուրջ 23 տարի Երևանում և մի շարք մարզերում իրականացվում են բարեգործական ծրագրեր՝ միայնակ տարեցների կամ կարիքավոր ընտանիքների կյանքի բարելավման համար: