01.12.2014
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարվում է. «1915թ. ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը:
Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:
Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի է ունեցել Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից՝ Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը: