Հուլիսի 28-30-ը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հերթական՝ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով ամառային դպրոցը: Ելնելով ՀՀ տիրող արտակարգ իրավիճակից ամառային դպրոցն ընթացավ առցանց: Ամառային դպրոցի մեթոդաբանությունը նույնն է՝ վերապատրաստել ուսուցիչներին, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները: Ամառային դպրոցին մասնակցեցին հանրակրթական և ավագ դպրոցի հայոց պատմության 30 ուսուցիչներ՝ Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերից: Դասընթացը սկսվեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի ողջույնի խոսքով:
Ամառային դպրոցի առաջին բանախոս բ.գ.դ. Ռուբինա Փիրումյանը կատարեց թեման դպրոցում մատուցելու որոշ մեթոդական դիտարկումներ, այնուհետև ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանն ընթերցեց «Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն. որոշ իրավական հիմնահարցեր» թեման: Նույն օրվա դասախոսության շրջանակներում ՀՑԹԻ Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, Զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը և Կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը ներկայացրեցին Հայոց ցեղասպանության իրականացման գաղափարական կոնտեքստը, երիտթուրքերի ազգայանական գաղափարախոսությունը, քարոզչությունը, մանրամասնեցին հանցագործության իրագործման մեխանիզմները՝ շեշտելով դրանց կրոնական բովանդակությունը:
Ամառային դպրոցի երկրորդ օրը սկսվեց «Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը. իրականության, առասպելների և մարդասիրության եռանկյունի» դասախոսությամբ, որը ներկայացրեց ՀՑԹԻ Զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արամ Միրզոյանը: Այնուհետև ՀՑԹԻ գիտքարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների ճակատագիրը, նրանց կրոնափոխման, թրքացման պետական քաղաքականությունը, ինչպես նաև նրանց հայ ինքնությանը վերադարձնելու հայկական ու միջազգային հումանիտար կազմակերպությունների ջանքերը: Ընդմիջումից հետո դասախոսությունը շարունակեցին ՀՑԹԻ Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը և նույն բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը: Թ. Մարտոյանը խոսեց Հայոց ցեղասպանության մի դրվագի՝ Զմյուռնիայի հայերի կոտորածի, քաղաքի կազմակերպված հրկիզման վերաբերյալ: Ս. Պարսամայանի դասախոսությունը մշակութային ցեղասպանությունն էր: Նա ներկայացրեց մշակութային ցեղասպանության որպես միջազգային հանցագործության իրավական ձևակերպման գործընթացը, դրա նախապատմությունը, այնուհետև հայկական մշակույթը նպատակադրված ոչնչացնելու երիտթուրքական ու քեմալական կառավարությունների քաղաքականությունը:
Ամառային դպրոցի երրորդ օրը ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը ներկայացրեց ուսուցիչներին առանձին պատմությունների, տեսաձայնագրությունների կարևորությունը Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեջ, դրանց դերը՝ նյութը նպատակային և աշակերտների համար մատչելի դարձնելու տեսանկյունից: Այնուհետև հոգեբան Արմինե Վահանյանը կատարեց որոշ սոցիալ-հոգեբանական դիտարկումներ՝ Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման վերաբերյալ, ուսուցիչներին ներկայացնելով որոշ մեխանիզմներ, որոնք թույլ կտան նրանց պատմական դեպքերի մատուցումը ճիշտ շեշտադրմամբ համապատասխանեցնել աշակերտների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններին: Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Էլինա Միրզոյանը ներկայացրեց Հրանտ Դինքի կյանքը, գործունեությունը, «Ակոս» թերթի բովանդակության որոշ շեշտադրումները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտողականությունը և Դինքի դերը հարցը թուրքական հասարակության լայն շերտերին լուսաբանելու մեջ: Ամառային դպրոցը եզրափակեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ «Ինչպե՞ս հիշել ցեղասպանությունը» խորագրով դասախոսությամբ: Նա շեշտեց Հայոց ցեղասպանության թեման դպրոցում դասավանդելու, թեմային առանձին առարկա հատկացնելու, դասագրքի հրատարակաման կարևորությունը ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու, այլև աշակերտին որպես հայ և պատասխանատու քաղաքացի դաստիարակելու մեջ: Ընդհանուր առմամբ դասընթացի ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության քաղաքական, գաղափարական, պատմական, իրավական և հոգեբանական ասպեկտները:
Ուսուցիչների դիտողությունները, առաջարկները հաշվի կառնվեն դասընթացի շարունակական բարելավման և թեմայի առումով ուսուցիչներին առավել նպատակային աջակցություն ցուցաբերելու համար: Կրթական ծրագրի ավարտին ուսուցիչներին տրամադրվեցին հավաստագրեր՝ ցավոք կրկին առցանց: Կողմերը հույս հայտնեցին, որ համատեղ աշխատանքը կլինի շարունակական, իսկ կապը թանգարան-ինստիտուտի հետ՝ մշտական: ՀՑԹԻ-ն պատրաստակամություն հայտնեց դասընթացն ավարտած ուսուցիչներին հնարավորինս ներգրավել թանգարանում կազմակերպվելիք գիտակրթական և գիտամշակութային միջոցառումներին: