02.04.2015
Ինչպես հայտնում է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ապրիլի 2-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Կիպրոսի խորհրդարանում օրինագիծը ներկայացրել են բոլոր քաղաքական կուսակցությունները համատեղ: Այն պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար:
Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։
Կիպրոսը Եվրոպայում չորրորդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։
Կիպրոսի նախագահը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կլինի Երևանում:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Կիպրոսի խորհրդարանի կողմից օրենքի ընդունումը:
Ինչպես հաղորդում են արգործնախարարության մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ «այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։
Կիպրոսի Հանրապետությունը 1975 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: