02.04.2025
2001 թվականի հոկտեմբերի 7-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Բ-ը Կաթողիկե եկեղեցու երանելիների
[1] կարգին դասեց Մարդինի Հայ Կաթողիկե առաջնորդ, արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին (և ևս վեց հոգու)
[2]:Երանելի Իգնատիոս Մալոյանի սրբադասման վերջնական հայտարարությունը տարածվեց նախորդ տարի և վերարծարծվեց ընթացիկ մի քանի օրերին։
Իգնատիոս (Շուքրալլահ) Մալոյանը, Մելքոնի և Ֆարիդեի որդին, ծնվել է 1869 թվականին, Մարդինում (Օսմանյան կայսրություն):
Աղբյուրների համաձայն՝ ծխական քահանան է առաջինը նկատում տասնչորսամյա տղայի մեջ քահանայական կոչման նշաններ, ուստի ուղարկում է նրան Զմմառի Սուրբ Տիրամոր վանք, Լիբանան։ 1896 թվականին նա ավարտում է բարձրագույն կրթությունը, ձեռնադրվում հոգևորական Զմմառի վանքում, և անդամագրվում միաբանությանը՝ վերցնելով Իգնատիոս անունը՝ Սբ Իգնատիոս Անտիոքացի նահատակի անունը։ 1897-1910 թվականներին Հայր Իգնատիոսը ծառայում է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ որպես ծխական քահանա։ 1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում գումարված եպիսկոպոսական սինոդը նրան ընտրում է Մարդինի արքեպիսկոպոս։
Հայոց ցեղասպանության ամենասկզբում՝ 1915 թվականի ապրիլի 30-ին թուրքական զինվորները շրջափակում են Մարդինի Հայ Կաթողիկե առաջնորդի նստավայրը և եկեղեցին՝ ամբաստանելով, որ վայրը զենքի թաքստոց է։ Արդեն մեկ ամիս անց՝ հունիսի 3-ին թուրք զինվորները ձերբակալում են արքեպիսկոպոս Մալոյանին և նրա հետ՝ քսանյոթ հայ կաթողիկե նշանավոր անձանց, իսկ հաջորդ օրը՝ մնացած հոգևորականներին ու բազմաթիվ հավատացյալների։
Դատավարության ընթացքում ոստիկանապետ Մամդուհ բեյը պահանջում է, որ արքեպիսկոպոսն ընդունի իսլամ։ Սակայն նա հրաժարվում է, և հայտարարում, որ պատրաստ է դիմանալու ցանկացած չարչարանքի և նույնիսկ մահվան է պատրաստ, քանզի դա կլինի իր երջանկությունը։ Մամդուհ բեյն ատրճանակի կոթով հարվածում է նրա գլխին և հրամայում բանտարկել։ Զինվորները շղթայում են նրա ձեռքերն ու ոտքերը, ծեծի ու կտտանքների են ենթարկում՝ հանելով նրա ոտքի եղունգները։ Վկայված է, որ հունիսի 9-ին մայրն է այցելում նրան, իսկ արդեն հաջորդ օրը զինվորները հավաքում են չորս հարյուր քառասունյոթ Մարդինի հայերի ու պահակախմբի հսկողությամբ նրանց տանում դեպի անապատ։
Աստիճանաբար պարզ է դառնում, թե որն է լինելու իրենց վախճանը։ Ողջ ընթացքում նա քաջալերում է իր հոտին հաստատ մնալ հավատքի մեջ։ Ճանապարհի մի հատվածում բոլորը ծնկի են գալիս նրա հետ, հոգևորականները հավատացյալների մեղքերի թողություն են տալիս։ Եպիսկոպոսը հանում է մի կտոր հաց, օրհնում այն, արտասանում համապատասխան բառերը Պատարագից աղոթասացությունից ու տալիս իր քահանաներին՝ բաժանելու ժողովրդին։ Իգնատիոս եպիսկոպոս Մալոյանի ու նրա հետ տեղահանության ենթարկվածների վերաբերյալ պատմվում է, որ ճանապարհին «Մալոյեան Գերապայծառը կը սրբագործէ հացը, քահանաները սուրբ մասնիկները կը բաշխեն հաւատացեալներուն: Այս երկնային արարողութեան դէպքին ականատես զինուորները կը պատմեն, թէ լոյսի թանձր ամպ մը ծածկեց Քրիստոսի մարտիկներու փաղանգը, զանոնք ամբողջովին թաքցնելով զինուրներուն աչքերէն: Անուշահոտ բուրմունք մը տարածուեցաւ բոլորին վրայ»
[3]:
Մամդուհ բեյը կրկին հրամայում է զատել առաջնորդին մյուսներից, ու կրկին պահանջում, որ նա ընդունի իսլամ, բայց կրկին մերժում է ստանում. «Ես արդեն ասել եմ՝ ես կապրեմ և կմեռնեմ հանուն իմ հավատքի և կրոնի։ Ես հպարտանում եմ իմ Աստծո և Տիրոջ Խաչով»։ Մամդուհն ատրճանակով կրակելով սպանում է Մալոյանին։ Վերջին շունչն արձակելուց առաջ նա բարձր ձայնով աղաղակում է. «Աստված իմ, ողորմիր ինձ, քո ձեռքն եմ ավանդում հոգիս»։ Ըստ վկայությունների՝ Իգնատիոս Մալոյանը նահատակվում է հունիսի 10/11-ին՝ Տիգրանակերտից կիլոմետրեր հեռու՝ Կարաքյոփրուի կամուրջի տակ։
Բարի քաղաքում գործող Հրանտ Նազարյանց հայկական ընկերակցության նախագահ Դ-ր Կառլո Կոպպոլան առաջիկա սրբադասման առիթը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Նրա սրբադասումը ոչ միայն նրա անձնական սրբության ճանաչումն է, այլև հայ ժողովրդի տոկունության գնահատական է։ Նրա սրբադասումը հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին խորհելու առիթ է, ինչպես նաև կոչ՝ շարունակելու պայքարը հանուն արդարության և խաղաղության՝ Ավետարանի լույսի ներքո և Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ»
[4]:
Սրբադասման ամիսը և օրը դեռևս չի հրապարակվել։ Սրբադասումը տեղի է ունենալու Վատիկանում՝ համախմբելով եկեղեցիների բազմաթիվ հավատացյալների և սպասավորների՝ աշխարհի ամենաբարձր ամբիոններից մեկով հիշատակելու Հայոց ցեղասպանության նահատակին
[5]:
Շուշան Խաչատրյան
պ.գ.թ., Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ
Ծանոթագրություններ
[1] Երանացում - Լատ. = beatificatio = beatus (երանելի) + facere (անել, կատարել);
անգլ. = beatification; իտալ. = beatificazione
Երանելիների դասին կարգելու արարողությունը կաթոլիկ եկեղեցում, որը տարբերվում է կանոնականացումից կամ սրբադասումից (զատումը տեղի է ունեցել 1642 թ.՝ Ուրբանոս VIII պապի կողմից):
Կան երանացման մի քանի հիմնական պայմաններ.
ա. գրվածքների ուղղադավանությունը, եթե այդպիսիք կան,
բ. դրսևորած քրիստոնեական առաքինությունների գնահատում,
գ. հրաշքի առկայություն, որը տեղի է ունեցել երանացման թեկնածուի մահից հետո նրան ուղղված աղոթքների հետևանքով (այս պահանջը պարտադիր չէ նահատակների պարագայում):
[2] Նրանց երանացմանը նվիրված Հովհաննես Պողոս Բ. Պապի քարոզը տարբեր լեզուներով կարելի է գտնել Վատիկանի պաշտոնական կայքում՝ https://www.vatican.va/content/john-paul-ii/en/homilies/2001/documents/hf_jp-ii_hom_20011007_beatification.html: Քարոզի մուտքը թարգմանաբար մեր կողմից՝ «Արդարը հավատով պիտի ապրի» (Ամբ. 2։5). այս վստահությամբ ու հույսով լի խոսքերով Ամբակում մարգարեն դիմում է Իսրայելի ժողովրդին՝ նրա պատմության մի ծանր պահին։ Քրիստոսի խորհուրդի լույսի ներքո՝ Պողոսը առաքյալի՝ այս խոսքերը վերընթերցելուց հետո, Եկեղեցին կարող է գործածել նույն խոսքերը՝ արտահայտելու համընդհանուր մի սկզբունք. հավատքի միջոցով է մարդը բացվում այն փրկության համար, որը նրան առաքվում է Աստծուց։
Այսօր մենք ուրախությամբ խորհում ենք այս մեծ փրկության խորհուրդը, որն իրագործվում է նոր երանելիների մեջ։ Նրանք արդարներ են, որոնք իրենց հավատքով հավիտենական կյանքում ապրում են Աստծուն մոտ. Իգնատիոս Մալոյան՝ եպիսկոպոս և նահատակ, Նիկոլաուս Գրոս՝ ընտանիքի հայր և նահատակ, Ալֆոնսո Մարիա Ֆուսկո՝ քահանա, Տոմազո Մարիա Ֆուսկո՝ քահանա, Էմիլի Տավեռնյե Գեյմլին՝ հավատացյալ կին, Էուջենիա Պիկո՝ կույս, Մարիա Էվթիմիա Ուֆֆինգ՝ կույս։ Այս փառաբանված եղբայրներն ու քույրերը, որոնք այժմ բարձրացված են փառքի խորանին, կարողացան իրենց անսասան հավատքը Քրիստոսի հանդեպ վերածել սիրո բացառիկ փորձառության՝ նվիրված Աստծուն և իրենց մերձավորի ծառայությանը։
2. Երանելի արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվեց 46 տարեկանում, հիշեցնում է մեզ յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր պայքարի մասին, որի հավատքը ենթարկա է չարի հարձակումներին։ Նրա համար Սուրբ Հաղորդությունն էր այն աղբյուրը, որից ամեն օր նա քաղում էր ուժը՝ իր քահանայական ծառայությունը մեծահոգությամբ և ոգևորությամբ իրականացնելու համար։ Իրեն նվիրելով քարոզչությանը, հովվական կյանքին՝ սրբազան խորհուրդների կատարմանը և կարիքավորների ծառայությանը։ Իր ողջ կյանքում նա լիովին ապրել է Սուրբ Պողոս առաքյալի այս խոսքերը. «Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության» (Բ. Տիմ. 1։7)։
Հալածանքների վտանգների առջև Երանելի Իգնատիոսը որևէ փոխզիջման չգնաց՝ հայտարարելով նրան ճնշողներին. «Աստծուն հաճելի չէ, որ ես ուրանամ Հիսուսին՝ իմ Փրկչին։ Իմ հավատքի համար արյուն հեղելն իմ սրտի ամենամեծ փափագն է»։ Թող նրա օրինակը լուսավորի բոլոր նրանց, ովքեր այսօր ցանկանում են լինել Ավետարանի վկաներ՝ Աստծո փառքի և մերձավորի փրկության համար։
[3] Իգնատիոս արքեպ. Մալոյեան: Մարդը եւ նահատակը, թարգմ. Յ. Թեյրուզեան, Զմմառ, 2001, էջ 47, տե'ս նաև https://www.vaticannews.va/hy/church/news/2018-06/hy-maloyan-liturgy.html կայքում:
[4] Carlo Coppola, Ignazio Maloyan. Prossima la proclamazione a santo. https://www.lafiaccola.it/wp/ignazio-maloyan-prossima-la-proclamazione-a-santo/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1tOlgxW5M84VyF0LNQfIHmZxUzPDpTCX8yGlG6mPcW1H0N4pc-9G4XV4g_aem_8Pg-wwsgrp8VT1_MI4KSRA.
[5] Հայոց ցեղասպանության զոհերի (այդ թվում՝ Իգնատիոս Մալոյանի) քրիստոնեական նահատակությանն առնչվող ուսումնասիրություն է ներառում հետևյալ հոդվածը. Shushan Khachatryan, “A Resumption of Canonization After Centuries-Long Hiatus: the Armenian Genocide through the Lens of Neo-Martyrdom,” in ‘SCRINIUM’ Journal of Patristics and Critical Hagiography no. 20 (2024):178-216 (doi: 10.1163/18177565-bja10117); նաև՝ հետևյալ գիրքը. Շուշան Խաչատրյան, Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2020, տե՛ս նաև Շուշան Խաչատրյան, Հոգևորականների հանդեպ բարբարոսության դրսևորումները. http://www.genocide-museum.am/arm/news-27.01.2018-Shushan_Khachatryan.php կայքում: