02.05.2023
ՀՑԹԻ գիտաշխատողները շարունակում են Հայոց ցեղասպանագիտության միջազգայնացման ուղղությամբ միջազգային հանդեսներում և հրատարակություններում տպագրվելու իրենց աշխատանքները:
ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի հոդվածը՝ “Protection of Women and Children in the Near East: the Efforts of the League of Nations” [Կանանց և երեխաների պաշտպանությունը Մերձավոր Արևելքում. Ազգերի լիգայի ջանքերը] տպագրվել է “The Genocide of the Christian Populations in the Ottoman Empire and Its Aftermath (1908-1923)” (London and New York: Routledge, 2023), [Քրիստոնյա բնակչության ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և դրա հետևանքները (1908-1923)] ժողովածուում:
Հոդվածը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի ջանքերը՝ Հայոց ցեղասպանության ընթացքում բռնի տեղափոխված հայ կանանց և երեխաներին ազատագրելու ուղղությամբ: Հոդվածում քննության են առնվել այն իրավական հիմքերը և միջազգային պայմանագրերը, որոնք կազմակերպությանը հնարավորություն տվեցին ներգրավվելու հայերի փրկության գործում և իսլամացումից և գերությունից ազատելու հազարավոր հայերի: