02.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ համագործակցելով «ԱՆԻՎ» և «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամների հետ, պատրաստել է Գառնիկ Բանյանի հուշագրության ռուսերեն թարգմանությունը՝ Гарник Банян. Воспоминания о детстве и сиротстве: история мальчика, пережившего геноцид վերնագրով։ Գրքում ներկայացված են հնգամյա Գառնիկ Բանյանի հուշերը՝ Արևմտյան Հայաստանի խաղաղ կյանքի, Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման, հոր զորակոչման, ընտանիքի բռնի տեղահանության, սիրիական անապատում մոր, եղբոր և քրոջ մահվան վերաբերյալ։ Հեղինակը նկարագրում է նաև իր չորս տարվա կյանքը Անթուրայի թուրքական որբանոցում, որտեղ հայ մանուկները ենթարկվում էին նպատակային թուրքացման և ազգային ինքնության ջնջման քաղաքականությանը։
Գրքի հրատարակությունը գիտական է։ Այն ներառում է առաջաբան, ծանոթագրություններ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար, Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի վարիչ, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Պայքար կյանքի և ինքնության համար. Գառնիկ Բանյանի և նրա հասակակիցների ճակատագիրը Օսմանյան կայսրության պետական որբանոցներում Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը՝ նվիրված Օսմանյան կառավարության քաղաքականությանը հայ որբերի նկատմամբ։
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 23-ին՝ Մոսկվայում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից շնորհանդեսին մասնակցել է Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, ով հանդես է եկել նաև բանախոսությամբ: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության խորհուրդին, զինված և հոգևոր դիմադրության կարևորությանը, ինչպես նաև այն ազդեցությանը, որն ունի Մեծ Եղեռնի հիշողությունը ժամանակակից հայկական ինքնության վրա: Սուրեն Մանուկյանը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված աշխատանքների կարևորությունը և նախանշել քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել առաջիկա տարիներին: