03.07.2015
Հուլիսի 2-ին 4-րդ միջազգային բժշկական համագումարի պատվիրակներն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և համագումարի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ցեղասպանության տարիներին աշխատող բժիշկներին նվիրված հատուկ ցուցադրություն է բացվել:
Արմեն Մուրադյանն ու Արա Բաբլոյանը գրառումներ թողեցին թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
4-րդ միջազգային բժշկական համագումարի պատվիրակներն այցելեցին նաև Հիշողության պուրակ, որտեղ տնկեցին արծաթափայլ եղևնի: Այստեղ կլինի բուժաշխատողի ճեմուղի՝ նվիրված Մեծ եղեռնի տարիներին հայ գաղթականներին բուժօգնություն ցուցաբերած հայ և օտարազգի բուժաշխատողների հիշատակին: