Անհատ նվիրատուների, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցության և գնումների շնորհիվ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը 2021 թ. մայիս–հունիս ամիսների ընթացքում համալրվել է շուրջ հինգ հարյուր գրքով: Նշվածի մեջ քանակով և հնատիպությամբ առանձնանում է մանկավարժ և հասարակական գործիչ Գևորգ Մեսրոպի (Գևորգ Տեր-Մեսրոպյան) անձնական գրադարանը, որը ՀՑԹԻ գրադարանում գրանցվել է որպես առանձին հավաքածու: Այն կազմված է չորս հարյուր երեսուն անուն հայերեն և ֆրանսերեն գրքերից:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում գրադարանը հարստացել է վերջին տասը տարիներին Պատմության ինստիտուտի կողմից հրատարակված շուրջ յոթանասուն անուն մասնագիտական գրականությամբ: Փոխադարձաբար, ՀՑԹԻ վերջին տարիների հրատարակությունները կտրամադրվեն Պատմության ինստիտուտի գրադարանին:
Նմանատիպ համագործակցության համաձայնություն կա նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի հետ:
ՀՑԹԻ գրադարանը ձեռք է բերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Անթիլիասում վերահրատարակված Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, գյուղերին և շրջաններին նվիրված հուշամատյանների ութ հատորները, որոնք մասնագիտական մեծ արժեք են ներկայացնում Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրողների համար:
Բոլոր այս գրքերն իրենց արժանի տեղն են գտել հիմնադրամի գրադարանում և պատրաստ են ծառայելու թե՛ ինստիտուտի անձնակազմին, թե՛ ընթերցասրահի այցելուներին: