1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց
«Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, որը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին։
Համաձայն «ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1990 թ․ ապրիլի 3-ի N 1409-I-ի որոշում)՝
«Միութենական Հանրապետությունում, որն իր կառուցվածքում ներառում է ինքնավար հանրապետություններ, ինքնավար շրջաններ կամ ինքնավար մարզեր, հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավար կազմավորման համար տեղի է ունենում առանձին։ Ինքնավար հանրապետություններին և ինքնավար կազմավորումներին իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ կազմի մեջ մնալու կամ Միության կազմից անջատվելու վերաբերյալ հարցը, ինչպես նաև բարձրացնելու սեփական պետական-իրավական կարգավիճակի մասին հարց»։
Այս օրենքի հիման վրա և ավելի քան 40 միջազգային դիտորդների ներկայությամբ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որին մասնակցեցին ընտրողների ընդհանուր թվի 82․2%-ը։
«Համաձայն եք արդյո՞ք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն և ինքնուրույն որոշի այլ պետությունների և համայնքների հետ իր համագործակցության ձևերը» հարցին քվեարկության մասնակիցների 99․9%-ը պատասխանեց՝ «այո»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումից մեկուկես ամիս անց միայն Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը (1991թ․ հոկտեմբերի 18-ին), որը հաստատվեց 1991թ․ դեկտեմբերի 25-ի հանրաքվեով։
Իր անկախության համար այս օրինական ճանապարհը արցախահայությունն անցավ Ադրբեջանի կողմից բռնաճնշումների, խաղաղ բնակչության զանգվածային բռնատեղահանման քաղաքականության պայմաններում։
1991թ․ սեպտեմբերի 2-ի պատմական փաստաթղթով հիմք դրվեց Արցախի Հանրապետության գոյությանը։ Անցած երեսուն տարիները պետականաշինության փորձություններով և դժվարություններով լեցուն մի ժամանակահատված էր՝ հանուն ազատ ապրելու և արարելու կամքի։ Մեր երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր ձևավորեցին, կերտեցին Արցախի պետականությունը և մեր խոնարհումը նրանց, ովքեր հանուն Արցախի Հանրապետության գոյության պահպանման՝ զոհաբերեցին իրենց կյանքը։ Մեծարելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց՝ մեր պարտքն է շարունակելու նրանց գործն ու պատգամը, պաշտպանել ու հզորացնել Հայաստանն ու Արցախը։