02.11.2022
Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Ժորժ Սիֆրեդը և Նարեկ Ղուշչյանը ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ժորժ Սիֆրեդը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: