02.12.2021
Նոյեմբերի 22-23-ը Մոսկվայում տեղի ունեցավ
«Պաշտպանենք ապագան» ռասիզմի, հակասեմիտիզմի և քսենոֆոբիայի հակազդեցության երրորդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 41 երկրներից ժամանած հարյուրավոր փորձագետներ, գիտնականներ, հասարակական և պետական գործիչներ: Գիտաժողովը նախատեսված էր անցկացնել 2020 թ․ հոկտեմբերի 12-13-ը, սակայն համավարակի պատճառով հետաձգվեց մեկ տարով։ Այն ընթացավ համակցված ձևաչափով՝ զեկուցողների անձամբ կամ առցանց մասնակցությամբ։
Գիտաժողովը կազմակերպել էր Ռուսաստանյան հրեական կոնգրեսը (ՌՀԿ)՝ ՌԴ Արտաքին գործոց նախարարության, ՌԴ Ազգությունների հարցերով դաշնային գործակալության, Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Գիտաժողովի գործընկերների թվում էր Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Հոլոքստի և ցեղասպանությունների ուսումնասիրման և դասավանդման միջազգային կենտրոնը։
Միջազգային գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել 12 երկրներից 16 թանգարաններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ռուանդայի ցեղասպանության Կիգալի հուշայի կենտրոնը, Մոսկվայի «Հրեից թանգարան և հանդուրժողականության կենտրոնը», ԱՄԷ-ում Հոլոքոստի նորաբաց թանգարանը և այլն։ Երկու օրվա ընթացքում միաժամանակ մի քանի սրահներում ընթանում էին տարբեր թեմատիկ նստաշրջաններ։
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը (հեռավար) և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը հանդես եկան զեկուցումներով
«Այլատյացության կանխարգելման և դրա դեմ պայքարի թանգարանային լավագույն փորձերը» նիստում։
Հարություն Մարությանը ներկայացրեց
«Այլատյացությունը թանգարաններում իբրև պետական քաղաքականության դրսևորում և այն հաղթահարելու ուղիները» զեկուցումը։ Նշելով, որ թանգարանները կոչված են ծառայելու հասարակությանն ու նրա զարգացմանը, Հարություն Մարությանը շեշտեց, որ թանգարանային ցուցադրության ճանապարհով մատուցված գաղափարախոսությունը, որպես կանոն, նաև պետական գաղափարախոսության մաս է։ Թանգարանները կարող են նաև շահարկել այլ ազգերի հիշողությունը և հանդես գալ որպես անհանդուրժողականության և այլատյացության գործիք։ Եվ դա երբեմն անում են ոչ թե քողարկված, այլ անթաքույց ձևով։ Այդպիսի թանգարան է 2021 թ. տարվա ապրիլի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բացված «Ռազմական ավարի պուրակը»։
Նկարագրելով թանգարանի «ցուցադրությունը»՝ Հարություն Մարությանն անդրադարձավ դրա հակամարդկային, հայատյացության բացահայտ քարոզչական բնույթին։ Զեկուցողը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունները պետք է դատապարտվեն, այլ ոչ թե միջազգային հանրության կողմից լռության արժանան։ Որպես նման օրինակ նա մատնանշեց այն իրողությունը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի և ԵՊՀ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանի ստորագրությամբ Հոլոքոստի թանգարաններ ու հետազոտական ավելի քան 150 կենտրոններ ուղարկված «Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ անմիջական ցեղասպանական սպառնալիքի վերաբերյալ հայտարարություն»-ը, մի քանի բացառություններով, անպատասխան մնաց։ Հարություն Մարությանը կարևորեց այլատյացության ցանկացած դրսևորոման դեմ համատեղ ուժերով պայքարելու գաղափարը, այլապես մի օր այն կարող է քո դեմ ուղղվել։
Գոհար Խանումյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտակրթական գործունեությունը՝
«Պայքարելով ատելության և քսենոֆոբիայի դեմ․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաքելությունը» զեկուցմամբ։ Իր ելույթում նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման պատմությանը, ինչը նորանկախ Հայաստանի պատմության մեջ նշանակալի իրադարձություն էր։ Խոսելով թանգարանի մշտական ցուցադրության մասին՝ զեկուցողը կարևորեց հետևյալը․ թանգարանային ցուցադրությունը ներկայացնում է, թե ինչպես ատելությունը, ապամարդկայնացումը և այլատյացությունը՝ ինչը դրսևորվում էր օսմանահպատակ հայերի նկատմաբ, կարող է հանգեցնել մի ամբողջ ազգի ոչնչացմանը։
Գոհար Խանումյանը անդրադարձավ նաև թանգարան-ինստիտուտի՝ որպես գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, ներկայացրեց օտարերկրացի գիտաշխատողների համար նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տրամադրվող Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակի ծրագիրը, հայոց պատմության ուսուցիչների և հանրակրթական ու ավագ դպրոցի աշակերտների համար դասախոսությունների ձևաչափով իրականացվող կրթական ծրագրերը և այլն։