02.06.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել են «Մովսես Խորենացի» մեդալով:
Մեդալների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 1–ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՑԹԻ աշխատակիցներ, պատմաբաններ, հոգևորականներ և այլք: Նախ` ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, նշելով, որ հաճելի է հյուրընկալել այս միջոցառումը: Նա ներկայացրեց Արա Քեթիբյանի և Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի կենսագրությունները, նրանց համատեղ կատարած ահռելի գիտական գործունեությունը, որը ամփոփվել է 7 հատորներից բաղկացած ժողովածուում: «Այդ հատորներում ներկայացված է ամերիկյան մամուլի անդրադարձը 1890-1922 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայկական կոտորածներին, որոնց մասին ամենօրյա ռեժիմով գրվում էր ամերիկյան մամուլում: Կատարվել է մեծ աշխատանք ամբողջացնելու ամերիկյան մամուլի հրապարակումները Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների մասին»,- իր խոսքում ասաց Հարություն Մարությանը:
Ապա ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որն իր խոսքում նշեց. «Կարևոր է, որ հրատարակությունները օտարալեզու են, ինչը նշանակում է, որ դրանք հնարավորություն են ընձեռում նաև օտարազգի գիտնականներին ու հետաքրքրվողներին ծանոթանալու հետազոտական նյութերին: Ապատեղեկատվության այս ժամանակներում օտարալեզու հրատարակությունները տեղեկատվության և իրազեկման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն՝ ճշմարիտ տեղեկատվությունը և պատմական փաստերը հանրությանը հասանելի դարձնելու առումով: Պատրաստակամ ենք աջակցելու ձեր գործունեությանը և համագործակցելու հետագա բոլոր ձեռնարկներում՝ շարունակելու, մեծածավալ ու արժեքավոր նոր հրատարակություններ ու ուսումնասիրություններ հասարակության դատին հանձնելու հարցում»:
Այնուհետև տեղի ունեցավ մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը շնորհակալություն հայտնեցին պետական բարձր պարգևի համար և ընդգծեցին, որ այն պարտավորեցնող է: