03.02.2022
Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվար ամսվա վերջին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա (հունվարի 27) կապակցությամբ կազմակերպում է «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքը:
Այս տարի միջոցառումների շարքը մեկնարկեց հունվարի 27-ին՝ Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմամբ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Քրիստինա Հանսելը և այլք:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հունվարի 29-ին և փետրվարի 2-ին տեղի ունեցան ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի կողմից կազմակերպված 2 քննարկում-հանդիպումներ:
Հունվարի 29-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում առցանց դասախոսությամբ հանդես եկավ Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Թալի Նեյթս, ում հայրը, լինելով նացիստական համակենտրոնացման ճամբարներում, հրաշքով փրկվել է Հոլոքոստի սարսափներից: Բանախոսը ներկայացրեց
«Երկրորդ սերնդի ճանապարհորդություն՝ Շինդլերի ցուցակից մինչև Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն» վերնագրով դասախոսությունը, որին հաջորդեց հարցուպատասխան և հետաքրքիր քննարկում ծավալվեց:
«Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքն ավարտվեց փետրվարի 2-ին՝ Յադ Վաշեմի կողմից 2013 թ. Երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհի Աննա Խաչատրյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաև Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Աննա Խաչատրյանը ներկայացրեց իր պապու պատմությունը, որը Հոլոքոստի տարիներին վտանգելով իր կյանքը փրկել էր հրեա Իոսիֆ Կոգանին: Հարություն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքացին է, որն արժանացել է Երախտավորի կոչմանը (25 այլ՝ ազգությամբ հայերի կողքին):
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքն առաջին անգամ կազմակերպելց 2020 թվականին՝ նվիրված Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին: Այնուհետև, միջոցառումը շարունակական բնույթ ստացավ: