03.05.2024
Բանախոս՝ Սեդա Պարսամյան, ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու
Թեմա՝ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը. մշակութային ցեղասպանություն
Դպրոց՝ Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Մայիսի 3-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2024 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանի «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը. մշակութային ցեղասպանություն» վերնագրով դասախոսությունը:
Սեդա Պարսամյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց «մշակութային ցեղասպանություն» եզրույթի ծագմանը, բնորոշմանը, ներկայիս միջազգային իրավունքում վերջինիս կարգավիճակին, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ թուրքական տարբեր վարչակարգերի որդեգրած ոչնչացման քաղաքականությանը, մեր օրերում մշակութային արժեքների ոչնչացման շարունակականությանը և այլ հարցերին:
Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո ընդհուպ մինչև մեր օրերը հայկական հազարավոր պատմաճարտարապետական հուշարձաններ, եզակի ձեռագիր մագաղաթներ և այլ մշակութային արժեքներ Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը: 1920-ականներից սկիզբ է դրվել Արևմտյան Հայաստանի տեղանունների փոփոխման կամ խեղաթյուրման քաղաքականությանը: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել է: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով:
Ընդգծվեց, որ հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է: Սեդա Պարսամյանը ներկայացրեց նաև Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և «աղվանացման» քաղաքականության մասին: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: