03.06.2022
Հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանի աշխատասիրած
«ՀԱԼԵՊԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ 1464 ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ» գրքի շնորհանդեսը:
Գրքում շրջանառության մեջ են դրվում Ազգերի լիգայի արխիվից (Ժնև, Շվեյցարիա) բերված Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 պատմություն՝ բնօրինակ անգլերենով և հայերեն թարգմանությամբ, ճշգրտված տեղանուններով, ծանոթագրություններով և վերապրածների լուսանկարներով: Վերապրածներն ազատագրվել էին Ազգերի լիգայի հանձնակատար, դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ջանքերով՝ ապաստան գտնելով Հալեպի փրկության տանը:
Ներկաներին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ով, կարևորելով Էդիտա Գզոյանի կատարած մեծ աշխատանքը, նշեց, որ հետազոտությունը բացառիկ է նրանով, որ Հայոց ցեղասպանության ընթացքում ամենախոցելի խմբի՝ երեխաներին և կանանց բաժին հասած սարսափները ներկայացվում են ժամանակի կարևորագույն միջազգային կազմակերպության՝ Ազգերի լիգայի արխիվում պահվող փաստաթղթերի միջոցով:
Գրքի հեղինակ Էդիտա Գզոյանը նշեց, որ գրքի վրա աշխատել է ավելի քան 15 տարի: Այդ ընթացքում մի քանի անգամ աշխատել է Ժնևում գտնվող Ազգերի լիգայի արխիվում: Գիրքը կարևոր աղբյուր է Հայոց Ցեղասպանության տարբեր ասպեկտներով զբաղվող հետազոտողների համար: Հեղինակը նաև հույս հայտնեց, որ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների համար այս գիրքն իրենց նախնիների մասին տեղեկություններ գտնելու համար կարևոր աղբյուր կարող է լինել, հատկապես որ այդպիսի մի դեպք գրքի նախապատրաստական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել է: Էդիտա Գզոյանն իր խոսքում շեշտեց, որ գրքում ներկայացված պատմությունները ևս մեկ անգամ հստակորեն ցույց են տալիս, որ մեծ թվով հայ երեխաներ և երիտասարդ կանայք բռնի կերպով տարվել են թուրքերի, արաբների և քրդերի կողմից, ինչը Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի հինգերորդ կետի, այն է՝ «երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը» խախտում է:
Վերջում Էդիտա Գզոյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք ներդրում էին ունեցել գրքի լույսընծայման գործում: