2021 թ. հուլիսի 3-ին Եվրամիության՝ Սլովակիայում գործող Գործունեության, կրթության և ճանապարհորդության ասոցիացիայի [S.P.A.C.E. - Spolok pre aktivitu, cestovanie edukáciu] կազմակերպած ճանաչողական այցի շրջանակներում եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած ավելի քան երեսուն ուսանողների համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ դասախոսություն: Բանախոսությամբ հանդես եկավ թանգարան-ինստիտուտի կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը:
Նա իր ելույթը սկսեց Օսմանյան կայսրությունում տիրող խտրական քաղաքականության և մինչցեղասպանական բռնության մշակույթի նկարագրությամբ: Բանախոսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության իրականացման գաղափարական հիմքերին, իշխող կուսակցության գաղափարախոսությանը, պետական քարոզչությանը, ինչպես նաև ցեղասպանության ծրագրված բնույթին: Ներկայացվեցին նաև Հայոց ցեղասպանության ընթացքում գործադրված զանգվածային սպանության մեթոդները և երեխաների ու կանանց փորձառությունը՝ որոշակի համեմատականներ տանելով այլ ցեղասպանությունների հետ: