Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2020 թ. դրամաշնորհային մրցույթի 5 հաղթողներից մեկն է: Ծրագրով նախատեսվում է տեխնիկական նոր միջոցներով՝ մասնավորապես պրոյեկտորներով, վերազինել Հայոց ցեղասպանության թանգարանը:
2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պետական և մասնավոր սեկտորի խոշոր աջակցության շնորհիվ Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտը վերանորոգվել, ընդլայնվել և կահավորվել էր ժամանակակից տեխնիկայով (պրոյեկտորներ, թաչսքրիններ, ժամանակակից համակարգիչներ, տպիչներ, սքաներներ և այլն): Սակայն, ժամանակի ընթացքում, տեխնիկայի զգալի մասն էականորեն մաշվել էր և անհրաժեշտություն էր առաջացել փոխել դրանք, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր, ժամանակակից թանգարանային տեխնոլոգիաներ: Հատկապես խնդրահարույց էր պրոյեկտորների վիճակը (թվով՝ 7, որոնց շահագործման ժամկետը կա´մ լրացել է, կա´մ շատ շուտով կլրանա): «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհն ուղղվելու է երկու նոր՝ լազերային պրոյեկտորների ձեռքբերմանը:
Նշենք, որ այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին ներկայացվել էր 164 դիմում-հայտ՝ սոցիալ-տնտեսական, կրթական, գիտական, առողջապահական և մշակութային ոլորտների զարգացմանը վերաբերող ծրագրերով:
Հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանի խոսքով մինչև այսօր հիմնադրամի աջակցությամբ հասարակության համար օգտակար և հեռանկարային ծրագրեր են իրականացվել առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, և 2020 թ. շահած ծրագրերը ևս այդ տրամաբանության շրջանակում են:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին՝ այս ազգանվեր գործում իր ավանդն ունենալու համար: