03.11.2015
Հոկտեմբերի 29-ին Պարագվայի հանրապետության խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
«Պարագվայի Հանրապետության Սենատը ճանաչում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը այս ոճրագործության 100-ամյա տարելիցին»,- ասված է բանաձեւի առաջին կետում:
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ օրինագիծը ներկայացրել է Պարագվայի Առաջադեմ ժողովրդավարական կուսակցությունը: Օրինագիծը ներկայացրել է սենատոր Դեզիեր Մասին, որին աջակցել է ևս ինը սենատոր՝ բոլոր խմբակցություններից:
Հարավային Ամերիկայի երկրներից Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը, Արգենտինան, Չիլին, Բրազիլիան, Բոլիվիան և Վենեսուելան, ինչպես նաև այլ երկրների տարբեր քաղաքներ և նահանգներ: