03.12.2022
ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի՝ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացրած «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեման` Փարիզի Նանտեր համալսարանի միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր Թոմաս Օշմանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի ղեկավարությամբ:
Թեման նպատակ ունի ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության հատուցման հարցը՝ ինչպես իր պատմական զարգացման, այնպես էլ ներկայումս ազգային, տարածաշրջանային և միջազգային դատարաններում հատուցման գործեր հարուցելու հնարավորությունների համատեքստում։ Այս ուղղությամբ ծրագրում ներգրավված են միջազգային իրավունքի և պատմության արտասահմանյան ու հայաստանյան մասնագետներ, որոնց մասնագիտական ներուժի ներդրմամբ՝ համակողմանիորեն հետազոտվելու և հնարավոր բոլոր ուղիներով առաջարկներ են պատրաստվելու գործնական հիմքերի վրա դնելու Հայոց ցեղասպանության հատուցման հարցը՝ ուսումնասիրելով առկա արխիվային նյութը, կիրառելով միջազգային փորձը և գործի դնելով հնարավոր ձևաչափերը:
Ծրագրի իրականացման արդյունքում ՀՑԹԻ-ում երկու տարվա ընթացքում կբացվի գիտական նոր բաժին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության, հետագայում նաև՝ Արցախի հիմնահարցի իրավական ուսումնասիրություններով: Նկատենք, որ նման ստորաբաժանման ստեղծման անհրաժեշտությունը վաղուց կարևորված էր, ինչի մասին ՀՑԹԻ տնօրենը բարձրաձայնել էր դեռևս 2020 թվականին։
Լիահույս ենք, որ ծրագրի աստիճանական իրագործումը նոր հորիզոններ կբացի Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդար հատուցման անխախտ գործընթացի կազմակերպման ճանապարհին:
Միջազգային հանցագործությունների ճանաչման, դատապարտման և հատուցման բնագավառում այս ծրագրով ստեղծվում է գիտական գլոբալ համագործակցություն, որի արդյունքում հատուցման խնդիրը չի մնա միայն մեր պատմության տիրույթում, այլ նման մասշտաբով և գիտակիրառական ներուժի կենտրոնացմամբ պատմաիրավական ուսումնասիրությունները կնպաստեն ձևավորելու հստակ պահանջներ և արդյունքներ: