04.02.2022
1909 թ. Օսմանյան կայսրության թուրքական կառավարության կողմից Ադանայում կազմակերպված հայերի ջարդերը լուսաբանում է եվրոպական մամուլը: Այդ լուրերն արձագանքում են 1887 թ. փետրվարի 4-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում ծնված մի աղջկա՝ Աննա Հեդվիգ Բյուլի սրտում, և նրա մոտ առաջանում է Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա ժողովրդին օգնելու ցանկություն: Այդ ցանկությունը գործնական հիմքի վրա է դրվում, երբ նրան միսիոներական առաքելության են ուղարկում Կիլիկիայի Մարաշ քաղաք՝ գերմանական «Բեթել» որբանոցում աշխատելու: 1911 թ. Բյուլը ժամանում է և սկսում դասավանդել հայ որբերին:
Առաջին աշխարհամարտի բռնկումով Բյուլն ականատես է դառնում հայերի դեմ թուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանությանը.
«Արեան գետեր հոսեցան եւ միլիոնէ աւելի հայեր ապրեցան ու մեռան իբր հաւատարիմ հետեւորդներ Քրիստոսի»: 1916 թ. նա տեղափոխվում է Մարաշից հարավ գտնվող Հարունիե գյուղի գերմանական որբանոցը: 1918 թ. հրաման է տրվում որբանոցի բոլոր սաներին աքսորելու: Սակայն Բյուլի և հայր Պեննո Ֆոն Տոպելերի ջանքերով երեխաները փրկվում են մահից: Որբանոցի սաները հատկապես հիշում են, թե ինչ ջանասիրությամբ է Բյուլը հայերեն սովորել և սովորեցրել՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ պայմանավորված: Նա հավատում էր, որ երեխաները, նրանց հետ նաև ինքը, վերջապես կտեղափոխվեն հայկական պետություն:
1918 թ. ֆրանսիական զորքը մտնում է Կիլիկիա: Որբանոցի գերմանական անձնակազմին ստիպում են հեռանալ: Բյուլին, որպես էստոնուհի, թույլ են տալիս շարունակել աշխատանքը: Սակայն նա ևս ստիպված է լինում 1919-ին վերադառնալ Էստոնիա: 1922 թ. Բյուլն անդամագրվում է Ստրասբուրգում հիմնադրված
«Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ» բողոքական կազմակերպությանը և մեկնում Հալեպ` կրկին հայերի համար աշխատելու: Նրա առաջին ձեռքբերումը հիվանդանոցի հիմնումն էր: Հայ տարագիրներին աշխատանքով ապահովելու նպատակով նա հիմնում է ջուլհականոց՝ ձեռագործի մասնաճյուղով: Բյուլն իր մասնակցությունն է ունեցել նաև հայկական թաղամասի շինարարական աշխատանքներին՝ ինչպես շինանյութեր հայթայթելով, այնպես էլ՝ շենքերի տեղադրության վերաբերյալ ֆրանսիական ու սիրիական իշխանությունների հետ բանակցություններ վարելով: Բյուլը նաև թողել է գրական ժառանգություն՝ հեղինակելով, ինչպես նաև գերմաներենից արևմտահայերեն թարգմանելով բազմաթիվ աշխատություններ:
Երկրորդ աշխարհամարտից հետո բազմաթիվ հայերի նման Բյուլը դիմում է Խորհրդային Հայաստանում հաստատվելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստանում ներգաղթի կոմիտեից: Որոշ ժամանակ ևս Հալեպում իր գործունեությունը շարունակելուց հետո, նա հանգստի է կանչվում իր կազմակերպության կողմից: Բյուլի խոհարարուհի Մարի Փոլատյանի վկայությամբ, նա չէր ցանկանում իր սիրած ժողովրդից բաժանվել.
«Ես կուզէի հոս մեռնիլ ու թաղուիլ իմ ծառայած ժողովուրդին մօտ»: Նա չկարողացավ նաև հայրենի Էստոնիա վերադառնալ՝ այնտեղ հաստատված խորհրդային կարգերի պատճառով: Արդյունքում 64-ամյա Բյուլը 1951 թ. հեռանում է Սիրիայից Եվրոպա: Այնտեղից նա շարունակում է նամակագրական կապ պահել իր սաների հետ: Ստանում էր բազմաթիվ նամակներ և բացիկներ, պատասխանում՝ բոլորին.
«Իմ սիրելի Արթինս [Հարություն Աշճյան], քու նամակդ և նուիրդ ստացայ, և շատ, շատ շնորհակալ եմ քիզմե: Որչափ ուրախանալի բան մըն է ինծի համար տիսնիլ իր “զաւակը” իրախտագիտ, հաւատարիմ և վիհանձն»: Իր նամակներից մեկում Հեդվիգ Բյուլն ընդունում է.
«Իմ սիրտը հայ է…»:
1965 թ. 78-ամյա Բյուլը կրկին ժամանում է Սիրիա` մասնակցելու Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումներին, Հալեպում և Բեյրութում հանդիպում հարազատ դարձած հազարավոր հայերի: Կյանքի վերջին տարիները Բյուլն անցկացրեց Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի մոտ գտնվող մի միսիոներական ծերանոցում: 1973 թ. մայիսի 7-ին պատվելի Արմենակ Կեսարենցին ուղղված նամակում նա գրում է.
«Բոլոր վայրերից ու Հայաստանից ջերմ նամակներ եմ ստանում իմ հայ երեխաներից: Նրանք ինձ մեծ ուրախություն են պատճառում: Ես խորապես սիրում եմ հայերին: Աստված թող նրանց օրհնի, նրանք դրա կարիքն ունեն»: Մահանալուց առաջ Բյուլը մոտ 30 հասցե էր գրել և պատվիրել, որ իր մահվան մասին անպայման տեղեկացնեն այդտեղ ապրող իր սաներին: Նա մահացավ 1981 թ. հոկտեմբերի 3-ին` 94 տարեկան հասակում և թաղվեց ծերանոցի գերեզմանոցում:
Ռեգինա Գալուստյան
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Աղբյուրը՝ ՀՑԹԻ գիտական ֆոնդեր, բաժին 40
Վարդան Գրիգորյան, Հայությանը նվիրված կյանք. էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թթ.), (Երևան, ՀՑԹԻ, 1996):
Անցագիր՝ տրված Բյուլին Հալեպի ամերիկյան հյուպատոս Ջեսսի Ջեքսոնի կողմից 1916 թ. հուլիսի 15-ին
https://auroraprize.com/de/anna-hedvig-b%25C3%25BCll
Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված նամականիշ: «ՀայՓոստի» կողմից շրջանառության մեջ է դրվել 2016 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Բյուլի ձեռագիր նամակներից մեկը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Նոր Կտակարան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի, յունական բնագրէն թարգմանուած (Վիէննա: Ամերիկեան Աստուածաշունչի Ընկերութիւն, 1931)
Կտակարանի կազմին կա երեք մակագրություն: Առաջինը կատարվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Պետրոս Միլլեթպաշյանի կողմից՝ 1937 թ. Բյուլին նվիրելիս, երկրորդը և երրորդը՝ Բյուլի կողմից:
«Առ միս Հետվիկ Պիւլ, Հալէպ, Հայ տառապեալ ժողովուրդի այրիացեալ կիներուն և անօգնական զաւակներուն հանդէպ ցոյց տրուած մարդասիրական գործին ի գնահատութիւն և առհաւատչեայ խորին երախտագիտութեան:
Պ. Միլլէթպաշեան, Պետական երեսփոխան Հալէպի»
«Սիրելի Մարիիս կուտամ այս կտակարանը իբր սիրոյ նշան. H. Büll»
Նուէր՝ Իմ սիրիլի թոռնիկիս Վանիին, իր ամուսնութեան առթիւ: Ի յիշատակ Մեծ Մամային, 15 նոյեմ. 1980, Հալէպ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հեդվիգ Բյուլի մահվան տարելիցի առթիվ կազմակերպված հիշատակի արարողության հրավիրատոմս
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ