04.02.2023
Բանախոս՝ Էդիտա Գզոյան , ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ.
Թեմա՝ Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն. Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները
Դպրոց՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր
Փետրվարի 4-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի շուրջ 80 աշակերտ: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանի «Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն. Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները» վերնագրով դասախոսությունը:
Էդիտա Գզոյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության որոշ դրվագներին, մասնավորապես պատճառներին, առանձնահատկություններին, ցեղասպանության ունեցած հետևանքներին՝ շեշտադրելով միջազգային քրեական իրավունքի զարգացման մեջ Հայոց ցեղասպանության դերն ու ազդեցությունը:
Բանախոսը աշակերտներին ներկայացրեց նաև ոչ անմիջական ցեղասպանություն իրագործելու ուղիները, որոնցից մեկը ցեղասպանությունն է թիրախավորված խմբին հյուծելու միջոցով, ինչին ականատես ենք լինում այժմ Արցախում: Աշակերտները առանձնակի հետաքրքրությամբ լսեցին հատկապես Արցախում Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականության, Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտների և Ադրբեջանի հակահայկական գործողությունների ու քարոզչության վերաբերյալ բանախոսի դիտարկումները:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավարներ Անժել Թևեքելյանի և Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: