04.05.2021
Բանախոս՝ Թեհմինե Մարտոյան, ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող
Թեմա՝ Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն
Դպրոց՝ Ուսում հանրակրթական դպրոց, 8-րդ դասարան
Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակության համատեքստում Թեհմինե Մարտոյանն անդրադարձավ Զմուռնիայի հայ և հույն բնակչության բնաջնջման, ապա՝ քրիստոնեաբնակ թաղամասերի հրկիզման պատմությանը:
Բանախոսն ընդգծեց, որ 1922 թ. սեպտեմբերին Զմյուռնիայում հայերի ու հույների բնաջնջման հանցավոր ծրագիրը մշակելիս, որպես իրենց գործողությունների ապահովման և ավարտին հասցնելու երաշխիք, քեմալականները շահարկել են հոգեբանական տարբեր գործոններ, որոնցից թերևս ամենապարզունակը` քրիստոնյաներին հանկարծակիի բերելն էր: «Որքան էլ տարօրինակ թվա», – նշեց Մարտոյանը, – «նրանք համակվեցին այն համոզմամբ, թե իբր իրենց կյանքին վտանգ չի սպառնում, քանի որ գտնվում էին օտարերկրյա ներկայացուցչությունների «հուսալի» հովանու ներքո»:
«Զմյուռնիայի հայերի ու հույների բնաջնջումից հետո բավականին երկար ժամանակ է անցել, փոխվել է պատմության ընթացքը, ընդունվել են ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող միջազգային իրավական ակտեր, ստեղծվել ցեղասպանությունը քրեորեն պատժելի արարք ճանաչելու դատական մեխանիզմներ»,– բացատրեց բանախոսը և բարձրացրեց հետևյալ հարցը՝ «արդյո՞ք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի ընդունումը Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակությունը կանխարգելելու դիտանկյունից ունեցել է որևէ դերակատարում»:
Կարծիքների փոխանակությունից հետո դասախոսությունն ավարտվեց «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» անդամ մի խումբ ցեղասպանագետների հայտարարության տեքստից մեջբերմամբ, որը խորհելու տեղիք տվեց. «… Թուրքիան պաշտոնապես և շարունակաբար ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, միաժամանակ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահը, բազմիցս ակնարկել են, որ Թուրքիան պատրաստ է հնարավորության դեպքում նորից իրականացնելու հայերին «դաս տալու» ծրագիրը, և որ 1915 թ․ հայերի «տեղահանությունը» ժամանակի ամենաողջամիտ որոշումն էր…»:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: