04.06.2022
Արմատներով պոլսահայ բեռլինաբնակ Եդուարդ Ֆըչըճըեանը 2020 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել Գերմանական արտաքին գործերի գրասենյակի արխիվից (ֆայլ 183 «Թուրքիա») 1910-1920 թվականների ժամանակահատվածին վերաբերող 36 միկրոֆիլմային ժապավեններ (43.000 փաստաթուղթ), որոնք աղբյուրագիտական նշանակություն ունեն Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու համար: Այդ փաստաթղթերը Օսմանյան կայսրության դաշնակից պետության՝ Գերմանիայի դիվանագիտական ու ռազմական գործիչների հաղորդումներն ու զեկուցագրերն են, որոնց ուսումնասիրությունն ու համադրությունը նպաստում են Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցության հիմնավորմանը, վկայում են Հայոց ցեղասպանության՝ նախապես ծրագրված հանցագործություն լինելը։ Օրեր առաջ պարոն Եդուարդ Ֆըչըճըեանը ՀՑԹԻ-ին հանձնեց նաև այդ փաստաթղթերի թվայնացված տարբերակները, ինչն էլ ավելի կդյուրացնի հետազոտողների՝ դրանք ուսումնասիրելու գործը:
Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ս.թ. մայիսի 31-ին Եդուարդ Ֆըչըճըեանին պարգրատրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով: Հուշամեդալի հանձնման արարողությանը ներկա էին աշխարհագրագետ-քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը, գերմանաբնակ բժիշկ, Գերմանիայի հայ համայնքի նախկինում ակտիվ անդամներից Շահեն Զեյթունցյանը, պրոֆեսոր, պ.գ.դ. Աշոտ Հայրունին, ՀՑԹԻ աշխատակիցներ: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր խոսքում շեշտեց նվիրաբերված նյութերի կարևորությունը: Ներկաներին իր խոսքը հղեց նաև Եդուարդ Ֆըչըճըեանը:
Եդուարդ Ֆըչըչըեանը ծնունդով Պոլսից է: 19 տարեկանից տեղափոխվել է և բնակվում է Բեռլինում: 1970-80-ական թթ. Շահեն Զեյթունցյանի հետ ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի հայ համայնքի կողմից կազմակերպվող ապրիլքսանչորսյան ցույցերին ու երթերին: Այդ տարիներին ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության մասին գերմանական մամուլի անդրադարձները և առանձին գրքի տեսքով գերմաներեն լույս է ընծայել: Ծանոթ է եղել Վոլֆգանգ Գուստին, որը հենց ուսումնասիրել է գերմանական արխիվները և գրել «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գիրքը:
Պարոն Ֆըչըճըեանը նշեց, որ ցեղասպանության թեման իր համար անչափ կարևոր է, քանի որ իրեն դաստիարակած ցեղասպանությունից մազապուրծ երզնկացի տատը Հայոց ցեղասպանության լուռ վկան է եղել: