04.11.2021
2021 թ. հոկտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի (ՀՑԹԻ) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի (University of Southern California, on behalf of its USC Shoah Foundation – The Institute for Visual History and Education (USC SF)) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել հավաքածուների, հետազոտական և կրթական ծրագրերի զարգացման ուղղությամբ, ինչը կնպաստի երկու հաստատությունների գործունեությանը:
Մասնավորապես, ՀՑԹԻ-ն և Շոա հիմնադրամը համագործակցելու են իրենց գիտաշխատողների կողմից համատեղ գիտահետազոտական ծրագրերի մշակման, ինչպես նաև կրթական ծրագրերի ուղղությամբ՝ օգտագործելով վերապրողների վկայությունները ՀՑԹԻ և Շոա հիմնադրամի IWitness հարթակների համար: Կողմերը համագործակցելու են նաև տեխնիկական ենթակառուցվածքային նախագծերի շուրջ:
Հուշագրի առանցքային դրույթներից է այն, որ Ռիչարդ Հովհաննիսյանի առաջարկով և համաձայնությամբ, նրա՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունների հավաքածուն (Հայոց ցեղասպանությունը վերապրածների ավելի քան 1000 տեսաձայնագրություններ) ամբողջական վերականգնումից և թվայնացումից հետո տրամադրվելու են նաև ՀՑԹԻ-ին:
Հուշագրի շրջանակներում Շոա հիմնադրամն իր Տեսողական պատմության արխիվից (USC SF Visual History Archive) ազատ օգտվելու իրավունք է տրամադրելու ՀՑԹԻ-ին և վերջինիս ճանաչվելու է որպես իր Հավաքածուների գործընկեր (Collection Partner):
ՀՑԹԻ-ն իր հերթին Տեսողական պատմության արխիվից օգտվելու հնարավորություն է տրամադրելու հայաստանյան թանգարաններին, գիտական ու կրթական շրջանակներին: