Նորություններ |
«Ազգի Առաքյալ» հուշամեդալի հանձման արարողություն
05.02.2014
Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական բժիշկ Հարություն Խաչատրյանը հետմահու արժանացել է «Ազգի Առաքյալ» հուշամեդալի (Righteous Among the Nations Award) հրեական «Յադ Վաշեմ» (Yad Vashem) կազմակերպության կողմից:
Փետրվարի 4-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Շմուել Մայրոմը և Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս պարոն Աշոտ Շախմուրադյանը հուշամեդալը հանձնեցին Հարություն Խաչատրյանի թոռնուհուն` երգչուհի Աննա Խաչատրյանին:
Ինչպես նշեց դեսպան Շմուել Մայրոմը՝ ռազմական բժիշկ Հարություն Խաչատրյանի պատմությունը բացահայտվել է «Ռաուլ Վոլենբերգ» միջազգային հիմնադրամի շնորհիվ, որն անցած տարի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ հուշամեդալ հանձնեց Խաչատրյանի ընտանիքին:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ով իր խոսքում նշեց, որ այս միջոցառումը նվիրված է ոչ միայն մեկ մարդու փրկությանն, այլ նաև հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հիշատակների ոգեկոչման արարողություն է.
«Հարգելի տիկնայք և պարոնայք,
Հայոց ցեղասպանության կազմակերպիչները անպատիժ մնացին աշխարհի ուժեղների շահադիտական մոտեցումների արդյունքում: Դրան հետևեց մյունխենյան գործարքը, ֆաշիզմի հանդուրժումը, ապա Երկրորդ աշխարհամարտի սանձազերծումն ու մարդկության պատմության սև բիծն ու ամոթը դարձած Հոլոքոստը:
Մեջբերում.
- Ինչո՞ւ եք այդքան հետաքրքրվում հայերով: Դուք հրեա եք, այդ մարդիկ` քրիստոնյա: Մահմեդականներն ու հրեաները միշտ լավ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Հրեաներին մենք լավ ենք վերաբերվում: Ինչի՞ց եք բողոքում: Ինչո՞ւ եք մեզ խանգարում այդ քրիստոնյաների հետ անել այն, ինչ ցանկանում ենք:
Վերջին մեկ ամսվա ընթացքում, խմբագրական աշխատանքներ կատարելիս, բազմիցս առիթ եմ ունենում վերընթերցելու այս երկխոսությունը: Այն կայացել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի և կայսրության ներքին գործերի նախարար, Հայոց ցեղասպանությունն իրականացնող երիտթուրք պարագլուխներից մեկի՝ Թալեաթ փաշայի միջև: Դիվանագետ Մորգենթաուն բնավ պարտավորված չէր հանդես գալ արևմտահայերի իրավունքների պաշտպանությամբ, սակայն նա գնաց այդ քայլին՝ լրջորեն փչացնելով իր հարաբերությունը երիտթուրք ոճրագործների հետ: Մեծ Եղեռնի տարիներին միջազգային հայասիրական շարժման մեջ հայերի օգտին իրենց ձայնը բարձրացրած ռահվիրաների մեջ Հենրի Մորգենթաուն միակ հրեան չէր:
Այսօրվա միջոցառումը, հիրավի կարևոր խորհուրդ ունի. այստեղ մենք հավաքվել են յուրօրինակ մի ոգեկոչման արարողության, որի իմաստն ու բովանդակությունն ավելին են քան մեկ մարդու կողմից մեկ ուրիշի կյանքը փրկելը: Օրվա խորհրդին համահունչ, այսօր մենք ոգեկոչում ենք բոլոր այն հայերին ու հրեաներին, ովքեր զոհ դարձան ցեղասպանությանը, նաև հիշում ենք նրանց ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին ֆաշիզմի չարիքն արմատախիլ անելու համար: Հաջորդ տարի 2015 թ. ողջ աշխարհով մեկ կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ մարդկությանը կրկին Հայոց ցեղասպանության զոհերի ու հետևանքների մասին հիշեցնելու համար: Այդ նույն տարում տոնելով Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը, միաժամանակ պարտավորված ենք հիշելու և ոգեկոչելու բոլոր նրանց ովքեր իրենց կյանքի գնով հատուցեցին չարիքի դեմ պայքարում:
Բժիշկ Հարություն Խաչատրյանի օրինակը մարդկային է, սակայն որքան լավը կլիներ աշխարհը, եթե համամարդկայինն ու բարոյականը տեղափոխվեր նաև պետությունների երկկողմ հարաբերությունների ոլորտ: Ավաղ, բոլորս քաջ գիտակցում ենք, որ աշխարհը դեռևս շատ հեռու է նման հեռանկարից:
Հոլոքոստի արհավիրքներն անհնար է մոռանալ. Այդ պատմությունները նաև իմ ընտանեկան պատմության մի մաս են: Պապս, ում անունը հպարտորեն կրում եմ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերությունից փախչելով, երեք տարի Բելոռուսիայի անտառներում, ծանր վիրավորվելուց հետո էլ մաքառեց ֆաշիզմի դեմ՝ դառնալով նաև Հոլոքոստի սարսափների ականատեսն ու վկան:
Այսօրվա միջոցառումն իր մեջ կարևոր ուղերձ ունի. մեծարելով բժիշկ Հարություն Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, այսպիսով մենք հաստատում ենք մեր միահամուռ պայքարի անհրաժեշտությունը ընդդեմ ցեղասպանության չարիքի, որից, ցավոք սրտի մարդկությունը, նույնիսկ 21-րդ դարի սկզբին, ապահովագրված չէ:
Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա լինել այս արարողությանը: Եկեք հիշենք և ոգեկոչեն Հարություն Խաչատրյանին և Իոսիֆ Մեզես Կոգանին, ովքեր յուրովի պայքարեցին ֆաշիզմի չարիքի դեմ և իրենց օրինակով որպես պատգամ թողեցին մարդասիրության ու բարոյականութան զգացումները:
Շնորհակալություն»:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայաստանում հրեական համայնքի ղեկավար տիկին Ռիմա Վարժապետյանը, ցուցադրվեց Հոլոքոստից մազապուրծ եղած մարդկանց մասին պատմող ֆիլմը՝ «Երկնքի դռները կբացվեն քո առջև - Մալկա Ռոզենթալի պատմությունը»:
Երկրորդ Համաշխարհային պատերազմից 18 տարի անց, 1963թ. հրեական «Յադ Վաշեմ» (Yad Vashem) կազմակերպությունը հիմնեց մի համաշխարհային ծրագիր՝ «Ազգի Առաքյալ» կոչումով պարգևատրելու համար բոլոր այն ոչ հրեաներին, որոնք Հոլոքոստի ժամանակ իրենց կյանքը վտանգելով՝ փրկել են հրեաների: Այս նախագիծն իր տեսակի մեջ միակն է ողջ աշխարհում: 2013թ. մայիսի դրությամբ՝ 24811 (քսանչորս հազար ութ հարյուր տասնմեկ) անհատ ճանաչվեն են «Ազգի Առաքյալ», որոնցից 22-ը Հայաստանից են:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|