04.02.2022
Հունվարի 7-ին լրացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն երջանկահիշատակ Լավրենտի Բարսեղյանի 85-ամյակը:
Լավրենտի Բարսեղյանը ծնվել է 1937 թ. հունվարի 7-ին Երևանում: 1954-1959 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ գերազանց ուսման համար ստանալով անվանական կրթաթոշակ: ՈՒսումն ավարտելուց հետո աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրության ինստիտուտում: 1967 թ. նշանակվել է Շինարարության պետական կոմիտեի հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության պետի տեղակալ: 1968–1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ: 1978–1985 թթ.՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն, 1984–1985 թթ. միաժամանակ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն: 1988–1991 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետն էր, 1992–1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:
Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ էր:
1995-2006 թթ. եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրենը:
Նա թողել է նաև հարուստ գիտական ժառանգություն Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման և դատապարտման, հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերի մասին:
1998 թ. Մոսկվայի Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ էր: 2003 թ. «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահն էր:
Լավրենտի Բարսեղյանը մահացել է 2014 թ. դեկտեմբերի 6-ին, Երևանում: Մարմինն ամփոփված է Երևանի քաղաքային պանթեոնում:
Մինչև կյանքի վերջը Լավրենտի Բարսեղյանն աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և իր փորձն ու գիտելիքների հարուստ պաշարը փոխանցել ուսանողներին:
2002 թ. պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան միջազգային ոսկե հուշամեդալով:
2003 թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Ստացել է այլ ազգային և միջազգային պարգևներ:
Վառ են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «հնաբնակ» աշխատակիցների հուշերը Լավրենտի Բարսեղյան մարդու, գիտնականի, ավագ ընկերոջ, հոգատար, բայց նաև խիստ տնօրենի մասին: Նրանք ժպիտով են հիշում ընկեր Բարսեղյանի բարի խորհուրդները, կտրուկ քննադատությունները, արված դիտողությունները:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լավրենտի Բարսեղյանի` Հայոց ցեղասպանության թանգարանի Հիշողության պուրակում տնկվել է եղևնի, որի շուրջ փետրվարի 4-ին հավաքվել էին ՀՑԹԻ աշխատակիցները, Լավրենտի Բարսեղյանի հարազատներն ու ընկերները: Նրանք կիսվեցին իրենց ջերմ հիշողություններով ու հետաքրքիր պատմություններով:
Հայոց ցեղասպանության թանգարանի բացման ժամանակ արված լուսանկար, 24 ապրիլի, 1995 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Արմին Վեգների անվան փողոցի բացումը Երևանում, 25 ապրիլի, 1996 թ.
Աջից՝ 1. Լավրենտի Բարսեղյան, 2. Երևանի քաղաքապետ Աշոտ Միրզոյան, 3. Արմին Վեգների որդին՝ Միշա Վեգներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ 2003 թ. Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ արված լուսանկար
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լավրենտի Բարսեղյանը Ռուբինա Փիրումյանի և Վերժինե Սվազլյանի հետ, 1998 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ