05.04.2014
Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանում 2014 թ. մարտի 22-ին տեղի ունեցավ «Պատվել նրանց, ովքեր օգնել են Հայոց ցեղասպանությունից փրկված սերնդին (1915-1930 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովը:
Առաջին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակի կապակցությամբ անցկացվող այս միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք էր այն բոլոր պետություններին ու անհատներին, որոնք օգնության ձեռք էին մեկնել կործանվող մի ազգի: Հրավիրված էին դիվանագիտական ներկայացուցիչներ ավելի քան քսան երկրից, որոնք մասնակցություն են ունեցել փրկարարական աշխատանքներին:
Գիտաժողովին մասնակցում էին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, Վահագն Տատրյանը, Ռոբերտ Ֆիսքը, Ռուբինա Փիրումյանը, Բարեդ Մարոնյանը, Վահրամ Շեմմասյանը և ուրիշներ: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած առաջատար գիտաշխատողները քննարկեցին այն եղանակները, որոնց միջոցով միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ամերիկյան Կարմիր Խաչը, Մերձավոր Արևելքի Ամերիկյան Նպաստամատույց Կոմիտեն և Ազգերի Լիգան, մասնակից դարձան քսաներորդ դարի առաջին խոշոր մարդասիրական գործընթացին:
Որպես ոգեկոչման պատվո հյուր, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ՝ Ջորջ Դոքմեջյանն այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին պարգևատրեց «Մարդկության ծառայություն» շքանշանով` վրան պատկերված Մայր Հայաստանը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը իր` «Ավրորա Մարտիկանյան: Ինչո՞ւ Ամերիկայի հերոսուհին մատնվեց մոռացության» խորագրով զեկույցում, ներկայացրեց ցեղասպանությունից փրկված չմշկածագցի Ավրորա Մարտիկանյանի պատմությունը: Հրաշքով փրկված Մարտիկանյանը հաստատվել է ԱՄՆ-ում, և իր պատմությունը ներկայացրել է «Հոշոտված Հայաստան» գրքում, որի հիման վրա Հոլիվուդում նկարահանվեց «Հոգիների աճուրդ» ֆիլմը: Ֆիլմը դարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմը, որտեղ Ավրորան մարմնավորել է իր կերպարը: