05.04.2024
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Հարրի Փոթերը, քրիստոնեության սահմանապահն ու Մեծ եղեռնը
Դպրոց՝ Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Ապրիլի 5-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2024 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Հարրի Փոթերը, քրիստոնեության սահմանապահն ու Մեծ եղեռնը» վերնագրով դասախոսությունը: Շուշան Խաչատրյանը դասն անցկացրեց ինտերակտիվ մեթոդով. դասախոսությունն սկսվեց «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքից այն հատվածի ընթերցմամբ, որտեղ շոշափվում էր մարդու ինքնաճանաչման հարցը, ապա ցուցադրվեց Հարրի Փոթթերի մահվան ու հարության դրվագը:
Լսարանի հետ քայլ առ քայլ պատճառաբանվեց, որ երիտթուրքերի ձեռքին կրոնը դարձավ գործիք՝ ոտքի հանելու օսմանյան իսլամադավան խավին: Անդրադարձ կատարվեց նաև այն հանգամանքին, որ ցեղասպանությունն ուղեկցվեց ոչ միայն քրիստոնյաների ֆիզիկական բնաջնջմամբ, այլև Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնեական քաղաքակրթության (մշակույթ, սեփականություն) դեմ ուղղված հստակ քայքայիչ, ոչնչացման հանգեցնող քայլերով:
Շուշան Խաչատրայանը բացատրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդը մեռնող ու հարություն առնող հատիկի ֆենոմենով, ինչպես նաև կատարվեց «զոհ» հասկացության իմաստային ճշգրտում, արժևորվեցին նահատակ, մարտիրոս հասկացությունները:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: