Խոր վշտով տեղեկացանք Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի (Լեփսիուսհաուզ - Lepsiushaus Potsdam) գիտական տնօրեն դր․ Ռոլֆ Հոսֆելդի (1948-2021) անժամանակ մահվան մասին։
Ի դեմ նրա մենք կորցրեցինք հայ ժողովրդի մեծ բարեկամի և գնահատելի գործընկերոջ։ Հայոց ցեղասպանության մասին նրա բազմաթիվ դասախոսությունները, գիտական հրապարակումները, ելույթները մեծ ավանդ են ունեցել Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեմայի առավել ընդգրկուն և հանգամանալից ներկայացման համար։ Նրա «Նեմեսիս գործողությունը. Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» (2005 թ․) և «Մահն անապատում. Հայոց ցեղասպանությունը» (2015 թ․) մենագրություններն իրենց հերթին մեծ արձագանք են գտել գերմանական գիտական ու հասարակական շրջանակներում։ Հայերի տեղահանությունների և ցեղասպանության վերաբերյալ գերմանացի դեսպանների, հյուպատոսների, ականատեսների զեկույցների շարքը համալրվել է նաև Ռոլֆ Հոսֆելդի ուսումնասիրություններով՝ նպաստելով նաև Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու թեմայի ակտիվ քննարկումներին։
Տարիների պատմություն ունի ՀՑԹԻ-ի և Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի միջև համագործակցությունը։ Այն նոր շունչ ստացավ 2019 թ. սեպտեմբերի 26-ին երկու հաստատությունների միջև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում Լեփսիուսի տուն-արխիվի տնօրեն դր. Ռոլֆ Հոսֆելդի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դր. Հարություն Մարությանի ստորագրությամբ վերակնքված և նորացված պայմանագրով, որի շրջանակներում նախատեսվում էին շարունակական համագործակցության նոր ոլորտներ:
Լիահույս ենք, որ Լեփսիուսի տուն-արխիվի աշխատակազմը կշարունակի դր․ Հոսֆելդի սկսած և ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարած գնահատելի աշխատանքը՝ արժանապատվորեն պահելով նրա սահմանած բարձր չափանիշները։
Հանգչի՛ր խաղաղությամբ սիրելի Ռոլֆ Հոսֆելդ։