05.09.2015
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Արման Կիրակոսյանի անգլերեն լեզվով «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» մենագրությունը:
Այս հրատարակության մեջ պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը ուսումնասիրել և վերլուծել է գրեթե քառասուն մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններ (Պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության հանրագիտարան, Ցեղասպանության հանրագիտարան, և այլն), բառարաններ (Ցեղասպանության Բառարան, և այլն), ձեռնարկներ (Օքֆորդի Ցեղասպանագիտության ձեռնարկ, և այլն), և ԱՄՆ-ում վերջին տասնհինգ տարիների ընթացքում հրատարակված այլ տեղեկագրքեր:
Կատարված ուսումնասիրությունը հաստատում է այն փաստը, որ, չնայած շատ պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից չճանաչված լինելու հանգամանքին, ԱՄՆ-ում հրատարակված բազմաթիվ մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից արևմտահայության նկատմամբ կիրառված քաղաքականությունը ոչ միայն պատմական իրողություն է և հանրային գիտելիք, այլև որակվում է որպես ցեղասպանություն: Հենվելով հավաքված նյութի վրա, հեղինակը բաժանել է գիրքը գլուխների, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության հայեցակարգային և փաստական կողմերը` Հայկական հարցի ծագումից սկսած:
Գիրքը բաղկացած է 16 գլուխներից, հանրագիտարանների ցանկից, Հայոց ցեղասպանությանը վերաբերող տարբեր հանրագիտարաններում ներկայացված գրականության մատենագիտությունից: