05.09.2023
– Պրն Մարության, շուրջ հինգ տարի առաջ՝ 2018 թ. սեպտեմբերի 14-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ընտրվեցիք հիմնադրամի տնօրեն, իսկ հոկտեմբերի 4-ից անցաք պարտականությունների կատարմանը։ Փորձենք այս հարցազրույցով հանգամանորեն անդրադառնալ անցած տարիների ընթացքում Ձեր ղեկավարությամբ ՀՑԹԻ-ում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և բացթողումներին, արվածին ու արվելիքին։
– Շատ լավ։ Հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացրել եմ թանգարան-ինստիտուտի զարգացման իմ տեսլականը (առկա է ՀՑԹԻ կայքում) և տնօրեն եղած ժամանակ փորձել կետ առ կետ իրականացնել դրանում առաջ քաշված դրույթները։ Հընթացս առաջ էին գալիս նոր խնդիրներ՝ ինչպես բարդ, նույնպես և աշխատանքային կարգով լուծման ենթակա, և անձնակազմի հետ փորձում էինք դրանք նույնպես հաղթահարել։
Շատ կարճ՝ առաջին կազմակերպչական խնդիրներից մեկի մասին։ Առաջին իսկ ժողովի ժամանակ աշխատակիցներին խնդրեցի հակիրճ ներկայացնել իրենց գործունեությունն ըստ բաժինների. պարզվեց, որ շատերն անվանապես մաս էին կազմում մի բաժնի, սակայն իրականացնում էին այլ բաժնի աշխատակցի գործառույթներ։ Եվ իմ առաջին գործը եղավ գիտաշխատողներին ուղղորդել ըստ բաժինների. ամեն ոք իր անմիջական բաժնի գործառույթներից բխող հետազոտական աշխատանք է կատարում։ Նույն մոտեցումը կիրառվեց մյուս ստորաբաժանումների նկատմամբ։ Բաժինների ղեկավարներին ուղղված առաջին հորդորներից էր լիարժեք օգտագործել իրենց իրավասության սահմանները, այսինքն՝ գիտա-կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները առկա ուղղահայաց կարգավիճակից տեղափոխել հորիզոնական հարթություն։
Հաստատությունը հիմնադրման ժամանակներից կոչվում է «թանգարան-ինստիտուտ»։ Սակայն, հանրությանն առավել հայտնի է «թանգարան» բաղադրիչը։ Թանգարանի մշտական ցուցադրությունը բացվել է 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, և մինչ օրս որևէ արմատական փոփոխություն տեղ չի գտել դրանում. նույն տեքստերն են, նույն պատկերները, նույն գաղափարախոսությունը։ 2022 թ. դեկտեմբերին առանձին ցուցատախտակների (պանելների) տեսքով կարևոր խորագրեր են ավելացվել՝ «Բախտակից ժողովուրդներ. Հույների և Ասորիների ցեղասպանությունները» և ««Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին…». XX-XXI դարերի ցեղասպանությունները» (Հոլոքոստ, Կամբոջա, Ռուանդա, Եզդիների ցեղասպանություն)։ Այսկերպ այցելուներին գիտելիք է տրվում աշխարհում տեղ գտած այլ ցեղասպանությունների մասին։
Փոխարենը 2019 թվականից լայն թափ ստացավ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպումը. միայն այդ տարի երեք խոշոր ժամանակավոր ցուցադրություն կազմակերպվեց՝ «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան», «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» (Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցությամբ), «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ»։ Այս վերջին ցուցադրությանը զուգահեռ՝ գիտաժողով էր անցկացվում։ Նման մոտեցումն օրինաչափ դարձավ. հաջորդիվ ժամանակավոր ցուցադրությունների նկատելի մասը զուգահեռվում էր ամենամյա միջազգային գիտաժողովներին։ Այսկերպ ժամանակավոր ցուցադրության հարուստ նյութերի միջոցով գիտաժողովի թեմատիկան առավել ամբողջական կերպով է բացահայտվում։
2000-ականների սկզբից մինչև երկրորդ ցուցադրության ձևավորման աշխատանքները Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին մշտական ցուցադրության կարևորագույն, առանցքային բաղադրիչներից մեկը ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի կտավներն էին՝ «Եղեռն» շարքից։ 2015 թ. հիմնական ցուցադրության մեջ դրանք տեղ չէին գտել և տեղափոխվել էին ֆոնդեր։ 2019 թ. որոշում կայացվեց Ժանսեմի՝ Հայաստանի կառավարությանը 2002 թ. նվիրած ու ՀՑԹԻ տեղափոխված մեծարժեք կտավների հիմամբ պատկերասրահ ստեղծել։ Այս մշտական ցուցադրության շրջանակում այժմ ներկայացվում է նկարչի՝ թանգարանում առկա 36 կտավներից 24-ը։
2020 թ., համավարակով պայմանավորված, սկզբում առցանց, ապա և տպագիր եղանակով կազմակերպվեց «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին. նվիրվում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին» ժամանակավոր ցուցադրությունը (գիտաժողովն անցկացվեց աշնանը), իսկ դեկտեմբերի վերջին բացված ցուցադրությունը վերնագրված էր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը»։
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, որպես կանոն, հիմնական շեշտադրումներն արվում են երևույթի ընդհանրական ներկայացման վրա։ Ցեղասպանության ենթարկվածների մասին պատմությունները շատ քիչ դեպքերում են դառնում հանրային ուշադրության առարկա։ Իրավիճակը փոքր ինչ շտկելուն էր ուղղված 2021 թ. ապրիլին՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագիրը կրող երկլեզու ժամանակավոր ցուցադրությունը, որ ներկայացնում էր Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ երեք տասնյակ ընտանիքների (այդ թվում՝ ՀՑԹԻ աշխատակիցների ընտանիքների) պատմությունները: Նույն տարվա սեպտեմբերին, միջազգային գիտաժողովին զուգահեռ, բացվեց «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ հայաստանյան իրականության մեջ կազմակերպվեց ցուցադրություն՝ նվիրված հայոց պահանջատիրության հարցերին՝ շեշտադրումներ անելով դրա փաստաթղթային հենքին։
2022 թ. ապրիլ և սեպտեմբեր ամիսներին (հաջորդաբար) բացվեցին «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» և «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները՝ միջազգային գիտաժողովներին զուգահեռ։ Նույն թվականին ևս երկու ժամանակավոր ցուցադրություններ անցկացվեցին՝ ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «Անապատը. մահվան քայլերթ» ցուցահանդեսը և «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» ցուցադրությունը:
2023 թ. ապրիլին բացվեց «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել… Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ժամանակավոր ցուցադրությունը (թեմատիկայով համարժեք միջազգային գիտաժողովը կազմակերպվեց հունիսին)։ Իսկ սեպտեմբերին՝ արդեն յոթերորդ անգամ, գիտաժողովին զուգահեռ, կբացվի «Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում. ճանապարհ դեպի մահ» խորագրով ցուցադրությունը։
Ընդհանուր առմամբ, 2018 թ. հոկտեմբերից հետո՝ անցած հինգ տարիների ընթացքում, կազմակերպվել է 17 ժամանակավոր ցուցադրություն։ Ինչպես տեսնում ենք, ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման աշխատանքները բավական ինտենսիվ են։ Խնդիրն այն է, որ դրանց զուգահեռ չեն հրատարակվում բազմալեզու պատկերագրքեր (կատալոգներ), ինչը, որպես կանոն, պետք է ուղեկցի նման ցուցադրություններին։ Հարցի լուծման համար առաջին հերթին ֆինանսավորման խնդիրներ ունենք։ Փորձել ենք այլ բնույթի լուծումներ գտնել, ու կարծես թե հաջողվել է։ «On Point» կազմակերպությունն անվճար հիմունքներով թվայնացնում է այդ ցուցադրությունները 3D ձևաչափով, մշակում է նյութը և հղումը տրամադրում ՀՑԹԻ-ին։ Այսօր ՀՑԹԻ կայքէջում կարելի է գտնել 2021-22 թթ. վեց ժամանակավոր ցուցադրությունների հղումներ և վիրտուալ ճամփորդություն կատարել դրանցում (տեսնել պատկերները, կարդալ հիմնական տեքստերը, ցուցանմուշների բացատրագրերը)։ Ստեղծվել է նաև «Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրության շրջիկ տարբերակը, որի նպատակն է Երևանի և մարզերի դպրոցների աշակերտությանն ու ուսուցիչներին հաղորդակից դարձնել արևմտահայոց մշակույթի և Հայոց ցեղասպանության թեմայի տարբեր կողմերին: Շրջիկ ցուցադրությանն արդեն ծանոթացել են ՀՊՄՀ-ում, ինչպես նաև Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մեկ տասնյակից ավելի կրթօջախներում։ Այն դեռ շարունակելու է «ճամփորդել»: 2023 թ. թանգարան-ինստիտուտի ուժերով ժամանակավոր ցուցադրության սրահի համար շարժական նոր կահույք ձեռք բերվեց, որ թարմություն հաղորդեց սրահին և մեծացրեց ցուցադրություններին հատկացվող մակերեսը։
Հատկապես կարևորում եմ Հայոց ցեղասպանության մասին պատմող հնարավորինս ամբողջական շրջիկ ցուցադրության տարբերակի ստեղծումը, որի էլեկտրոնային համարժեքը մի փոքր լրամշակումից հետո նախատեսվում է տրամադրել արտասահմանյան կազմակերպությունների և անհատների՝ տեղում ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման համար, ինչը Հայոց ցեղասպանության թեմայի հանրահռչակման գործում կարևոր ձեռքբերում կլինի:
– Թանգարանի աշխատանքի կազմակերպման գործում ի՞նչ էական փոփոխություններ են տեղի ունեցել։
– Երբ ընտրվեցի ՀՑԹԻ տնօրեն, թանգարանը բացվում էր ժամը 11-ին, փակվում ժամը 16-ին։ Մինչդեռ տուրիստական խմբերը հյուրանոցներից դուրս են գալիս, որպես կանոն, առավոտյան 9․00-ից 9.30-ի միջակայքում։ Հարցը քննարկվեց էքսկուրսավարների հետ։
Գիտակցելով խնդրի կարևորությունը և չմերժելով խնդրանքս՝ էքսկուրսավարները որոշեցին թանգարանային ցուցադրությունը բացել ժամը 10-ին ու փակել ժամը 17-ին (վերջին մուտքը՝ 16.30)։ Այսինքն՝ էապես ավելացավ թանգարանային ցուցադրությանը ծանոթանալու ժամանակը, կանոնակարգվեց թանգարանի աշխատանքը. սահմանված ժամից շուտ կամ ուշ թանգարան մտնելու համար այցելուներն այլևս չեն «բանակցում» աշխատակիցների հետ:
2018 թ. հոկտեմբերից 2023 թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում թանգարան է այցելել ավելի քան 250 հզր մարդ․ նրանց երեք քառորդը՝ ավելի քան 190 հազարը, օտարերկրացիներ են, շուրջ 42 հազարը՝ գերազանցապես հայաստանցի աշակերտներ և ուսանողներ։ Հատկապես շատ են եղել հյուրերը 2019 թ. (մինչև համավարակը)՝ շուրջ 97 հզր։ Այս տարի նույնպես սպասվում է մոտավորապես այդքան այցելու։ Նշված ժամանակահատվածում անցկացվել է շուրջ 7 հզր էքսկուրսիա։
Հայոց ցեղասպանության թանգարանը Հայաստանի այն բացառիկ թանգարաններից է, եթե ոչ միակը, որի մուտքն անվճար է եղել հիմնադրման օրվանից։ Սակայն թանգարան-ինստիտուտի գործունեության շրջանակներն անընդհատ թարմացվում և ընդլայնվում են, աշխատանքներն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական հոսքեր։ Դրան ուղղված քայլերից մեկը բացատրությունով շրջայցերը վճարովի դարձնելն էր։ Որոշումն ընդունվեց 2019 թ. օգոստոսի 1-ին և ունեցավ իր բարերար արդյունքները։ Նման շրջայցերը հնարավոր դարձավ նաև նախապես ամրագրել, ինչի շնորհիվ թանգարանի աշխատանքն ավելի համակարգված դարձավ:
Թանգարանային ցուցադրության ու սպասարկման բաժնի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է․ ընդունարանի, գրախանութի աշխատակիցները և էքսկուրսավարները ստանում են հավելավճարներ, ինչն ուղղակի կապ ունի նրանց աշխատանքի ծավալների հետ:
Արտաբյուջեի ծավալների մեծացմանն էր ուղղված նաև գրախանութում վաճառվող գրքերի տեսականու հստակեցումը. որոշվեց վաճառքի համար առաջարկել գրքեր, զանազան հրատարակություններ, որոնցում այս կամ այն կերպ արտացոլված է Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի թեման (գրքերի տեսականուն և գներին կարելի է ծանոթանալ ՀՑԹԻ կայքում)։ 2022 թ. մարտին բացվեց հուշանվերների վաճառքի հատվածը, որի համար գործում է նույն մոտեցումը։
2022 թ. հուլիսի 1-ից թանգարանում օգտագործվում են ռադիոգիդեր, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ ուղեկցելու այցելուների մինչև 40 հոգանոց խմբերի: Շրջայցերն ամրագրելու համար թանգարանին, լարով հեռախոսից բացի, տրամադրվել է նաև անլար հեռախոս: Միաժամանակ քայլեր են ձեռնարկվել աուդիոգիդերի տեքստեր պատրաստելու ուղղությամբ։ Գիտաշխատողների մեծ մասը վերաշարադրել է առկա ցուցադրության խորագրերի ու ենթախորագրերի ավելի քան վեց տասնյակ թեմաներ ու ենթաթեմաներ։ Տնօրենությունը խմբագրել և հեղինակների հետ քննարկել է բացատրագրերի ընդարձակ տեքստերը։ Պատրաստ է հայերեն տարբերակը։ Այժմ քայլեր են ձեռնարկվում դրանց թարգմանության համար ֆինանսական աղբյուրներ որոնելու ուղղությամբ։
Թանգարանային ցուցադրության ու սպասարկման բաժնում գրասեղաններ են ավելացվել, ինչպես նաև թարմացվել են համակարգիչները (էքսկուրսավարներից շատերը նախկինում թանգարան էին բերում իրենց անձնական համակարգիչները), ինչի շնորհիվ բաժնի էքսկուրսավարները թարգմանում են ՀՑԹԻ հիմնադրամի կայքէջի տեքստերը, տուրիստական սեզոնի փակվելուց հետո մուտքագրում ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշագրությունները:
Կարգավորվել է սանհանգույցների աշխատանքը. թե՛ թանգարանում, թե՛ ինստիտուտում ապահովվել է տաք ջրի առկայությունը, ձեռքերը օդամղիչ սարքերով չորացնելու հնարավորությունը։ Թանգարանի բոլոր սրահներն ունեն Wi-Fi-հասանելիություն, ինչն ուրախալի երևույթ է ոչ միայն աշխատակիցների, այլև այցելուների համար:
Պետք է փորձենք նյութական միջոցներ գտնել աուդիոգիդերի տեքստերը շատ լեզուներով (թե՛ արևմտյան, թե՛ արևելյան) թարգմանելու և ձայնագրելու համար, ինչը, մեր կարծիքով, էապես կազդի տուրիստական այցերի ծավալների վրա։ Թանգարանի ընդունարանում անհրաժեշտ են բազմալեզու անվճար բրոշյուրներ, որոնք ցույց կտան թանգարանի ցուցասրահների տեղադրությունը և կներկայացնեն թանգարանում մատուցվող ծառայությունները: Խնդիրներ են առկա ցուցասրահների օդորակիչների թարմացման հետ կապված։ Հիմնանորոգման նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո կկարողանանք բացել -1 հարկի կենտրոնական սրահը։ Այստեղ ժամանակին գործող փոքր տեսասրահը նույնպես բովանդակային թարմացման կարիք է զգում։ Թերևս ճիշտ կլիներ տարին առնվազն մեկ անգամ կազմակերպել էքսկուրսավարների վերապատրաստումներ։ Եվ այլն։
– Ամեն տարի Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրեր, պատվիրակություններ են այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նրանցից շատերը նաև ծանոթանում են թանգարանի ցուցադրությանը․ դա նախատեսված է նաև պետական արարողակարգով։ Այս բնագավառում ի՞նչ աշխատանք է տանում ՀՑԹԻ-ն։
– Այո՛, ճիշտ եք նկատում։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար պատվիրակությունները ոչ քիչ դեպքերում օդանավակայանից անմիջապես ժամանում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այցելում թանգարան։
Վերջին հինգ տարում, գործընկերներիս հաշվարկներով, եղել է 242 տարաբնույթ պաշտոնական պատվիրակության այցելություն։ Նրանց կեսից ավելին ես եմ ուղեկցել հուշահամալիրի տարածքում։ Պաշտոնավարմանս սկզբից ի վեր ես, ապա նաև գործընկերներս, պատվիրակություններին մատուցվող պատմաշարը սկսում ենք Սումգայիթի, Բաքվի և Գանձակի (Կիրովաբադ) զոհերին նվիրված խաչքարերի մոտից՝ այդկերպ անցյալն ու ներկան կապելով միմյանց։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ դա ամրագրվի նաև արարողակարգի կանոններում։ 2019 թ. ապրիլից փակվել է մեքենաների մուտքը (արգելափակոցը բացվում է պաշտոնական պատվիրակությունների համար) Խաչքարերի հրապարակ։ Այսօր այն՝ իր եզրերին տնկված եղևնիներով (նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին) հանդերձ, ընկալվում է որպես Ցեղասպանության հուշահամալիրի բաղկացուցիչ մաս։ Մեր խնդրանքով՝ ճարտարապետ-վերականգնող Ամիրան Բադիշյանն ամրակայել է Սումգայիթի զոհերին նվիրված խաչքարը։
Փոխվել է վերաբերմունքը Եղևնիների պուրակի նկատմամբ։ Մեր նախաձեռնությամբ 2019 թվականից ի վեր եղևնիներ տնկելու իրավունքի տրամադրումը վերապահվել է ՀՀ ԱԳՆ-ին։ ՀՑԹԻ արտաբյուջեի հաշվին փորձում ենք վերականգնել չորացած ու հիվանդացած եղևնիները։ Համարակալվել են եղևնիների տեղեկատվական ցուցանակները, պուրակի վեց տեղամասերից յուրաքանչյուրին կից տեղադրվել են մեծ չափերի ցուցանակներ՝ սխեմաներով։ Դրանց միջոցով այցելուն իմանում է, թե ովքեր են եղևնիներ տնկել, հեշտությամբ որոշում դրանց տեղակայումը (նկատեմ, որ տեղեկատվությունը հասանելի է նաև ՀՑԹԻ կայքէջում)։ Մեր նախաձեռնությամբ և ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ լրացուցիչ երկու տեղամասեր են հատկացվել եղևնիների տնկումների համար. դրանք մաքրվել են մեծ ու փոքր քարերից, բերվել է նոր հող, բարեկարգվել է շրջակայքը։
– Եկեք վերադառնանք թանգարան-ինստիտուտին, հետո կրկին կանդրադառնանք հուշահամալիրի տարածքին։ Խոսենք գիտահետազոտական ծրագրերից, առկա ձեռքբերումներից ու անելիքներից։
– ՀՑԹԻ գիտաշխատողների թիվը եղել է ամենաշատը 20-25 հոգի. այսօր նրանք 20-ն են։ 2019 թ. աշնանը հստակեցվեցին գիտաշխատողների հետազոտական թեմաները հինգ տարվա կտրվածքով (2020-2024)․ փորձում ենք աշխատանքները համակարգել ըստ ընտրած թեմաների։ Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար կատարվել են կառուցվածքային մի շարք փոփոխություններ, ներդրվել են ներքին կանոնակարգեր, հստակեցվել են բաժինների գործառույթները, վերաձևավորվել են հին բաժինները, ինչպես նաև բացվել է նոր բաժին։ 2021 թ. ապրիլից սկսեց գործել Արցախի, Նախիջևանի, Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության խումբը, որը մեկ տարի անց դարձավ բաժին և նույն տարվա ավարտին բաժնի աշխատակիցների ուժերով ՀՑԹԻ անգլիալեզու պարբերականի հատուկ համար թողարկվեց՝ նվիրված բացառապես արցախյան հիմնահարցին։
Գիտահետազոտական հաստատության դիմագիծը դրսևորվում է նրա կատարած հետազոտություններում, հրատարակություններում, կազմակերպած գիտաժողովներում։
ՀՑԹԻ-ն հրատարակում է երկու ամսագիր։ 2018 թ. դրանց հրատարակությունը կանգ էր առել, ամսագրերի և ոչ մի համար չէր հրատարակվել: Արդեն իսկ հաջորդ տարեսկզբին հրատարակվեցին «Ցեղասպանագիտական հանդես»-ի 2018 թ. համարները, իսկ «International Journal of Armenian Genocide Studies»-ի հրատարակությունը, երկամյա ընդմիջումից հետո, վերսկսեց 2019 թ.։ 2021 թվականից անգլիալեզու հանդեսը նույնպես տարեկան երկու համարով է լույս տեսնում։ Ընդհանուր առմամբ, 2018-2022 թթ. լույս է տեսել «Ցեղասպանագիտական հանդեսի» տասը և «International Journal of Armenian Genocide Studies»-ի վեց համար։ ՀՑԹԻ հանդեսների համար ստեղծվել է առանձին կայքէջ։ Գիտական ոլորտի ձեռքբերումներից է նաև «Scopus» և «WoS» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ՀՑԹԻ գիտաշխատողների տպագրած հոդվածների քանակը, որոնք վկայում են գիտական ոլորտում ձևավորված բարենպաստ միջավայրի մասին: Ընդհանուր առմամբ, 2019-2022 թթ. ընթացքում ՀՑԹԻ գիտաշխատողները տպագրել են 138 գիտական հոդված։
Ձեռքբերումներից եմ համարում «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հիմնումը, որը նպատակ ունի հրատարակել նախ և առաջ ՀՑԹԻ ֆոնդերում առկա ավելի քան 200 (շուրջ 490 ֆոնդային միավոր) գերազանցապես անտիպ հուշագրությունները։ 2020-2023 թթ. մատենաշարով լույս է տեսել 12 հատոր։ Ձեռագիր հուշագրությունները մուտքագրվել են ինստիտուտում, խմբագրվել են, համալրվել գիտական ծանոթագրություններով և մասնագիտական առաջաբաններով, ինչն ակադեմիական մակարդակ է հաղորդել հուշագրությունների հրատարակությանը։ Դրանցից յուրաքանչյուրը մեկ մարդու, մեկ ընտանիքի կյանքի ելևէջների նկարագրությամբ (պարզ, երբեմն ոչ այնքան գրագետ լեզվով շարադրված) ներկայացնում է Հայոց ցեղասպանության ընթացքը, հետևանքները, վերապրումի տարիները։ Վստահ եմ, որ հետևողականության պարագայում մեր ֆոնդերում առկա նյութերի հիմամբ կարելի է հրատարակել առնվազն հարյուր հատոր հուշագրություն։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգում է «Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժինը»՝ տնօրենության հետ սերտ համագործակցությամբ։
Անցած տարիներին լույս են տեսել ինստիտուտի աշխատակիցների մի շարք մենագրություններ և ժողովածուներ։ Դրանց թվում կառանձնացնեի «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.։ Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու»-ն (Երևան, 2020, 440 էջ), «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» (Երևան, 2023) կոլեկտիվ մենագրությունը։ Առաջին հրատարակությունն առանձնահատուկ է նրանով, որ ՀՑԹԻ կազմակերպած գիտաժողովներից մեկի հիմամբ հրատարակված առաջին նմանատիպ ժողովածուն է, իսկ երկրորդը՝ ՀՑԹԻ գիտաշխատողների ուժերով ստեղծված առաջին կոլեկտիվ մենագրությունը։ Լույս են տեսել ինստիտուտի աշխատակիցների հեղինակած չորս մենագրություններ և մեկ ժողովածու։ Ընդհանուր առմամբ 2019-2023 թթ. ՀՑԹԻ-ն տպագրել է 24 գիրք։
2019-23 թթ. Հայոց ցեղասպանության ինստիտուտը, երբեմն համագործակցելով ակադեմիական և կրթական հաստատությունների հետ, կազմակերպել է յոթ միջազգային գիտաժողով հետևյալ խորագրերով՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» (2019), «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» (2020), «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» (2021), «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում», «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» (2022), «Երեխաները և ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և Ցեղասպանության կոնվենցիան պատմական և ժամանակակից մոտեցմամբ», «Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ» (2023)։
Վերջին հինգ տարում ինստիտուտի մի շարք աշխատակիցներ, մասնակցելով ՀՀ ԿԳՄՍՆ կազմում գործող Գիտության կոմիտեի հայտարարած գիտական թեմաների մրցույթներին, շահել են երեք ծրագիր, ինչն առաջին անգամն է ՀՑԹԻ պատմության մեջ։ Տարբեր առիթներով մեր կողմից հարց է բարձրացվել ՀՑԹԻ-ում ստեղծել նոր բաժին, որը, համագործակցելով մասնագիտական շրջանակների հետ, ի մոտո կզբաղվի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցերի գիտական հետազոտությամբ, խնդրի շուրջ միջազգային փորձի ուսումնասիրությամբ։ Կարելի է ասել, որ դա իրականություն է դառնում մի փոքր այլ կերպ. ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրենի համաղեկավարությամբ ներկայացված «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» թեման 2022 թ. Գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի հաղթողներից մեկը ճանաչվեց։ Հեռավար լաբորատորիան, լրացուցիչ ֆինանսավորում գտնելու դեպքում, նախատեսվում է առանձին բաժնի վերածել:
Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժինը, գիտահետազոտական աշխատանքներից զատ, տարբեր ցեղասպանությունների (Հոլոքոստի, Հունաց և Ասորիների) նվիրված հիշողության շաբաթներ է կազմակերպում, որոնց ընթացքում մի շարք հետաքրքիր միջոցառումներ են տեղի ունում։
ՀՑԹԻ հավակնոտ գիտահետազոտական ծրագրերից է Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և ուսումնասիրության բաժնի վերաձևավորումը, դրան նոր շունչ հաղորդելը, ինչի նպատակն է առնվազն երկու տասնամյակի ընթացքում քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների շտեմարանի ստեղծման ուղղությամբ: Փակ հասանելիության ծրագրաշարն արդեն փորձնականորեն հարմարեցվել է նշված շտեմարանի նախագծին, ստեղծվել է որոնման նախնական demo տարբերակ, որտեղ հավաքվելու են զոհերի, վերապրողների, անհետ կորածների տվյալները: Տարիների ընթացքում համալրվելով՝ այս շտեմարանը կհավակնի դառնալու համահավաք ցուցակ, որը տարբեր մասնագիտացում ունեցող գիտաշխատողների կծառայի՝ կատարելու բազմաբնույթ ուսումնասիրություններ:
ՀՑԹԻ աշխատակիցների նյութական և բարոյական խրախուսմանն է ուղղված Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտիչյանի հետ համատեղ նախաձեռնությամբ «Գիտնականները գիտնականների համար» ամենամյա մրցանակի սահմանումը 2021 թ.։ Պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտիչյանի անվան մրցանակը տրվում է գիտահետազոտական, գիտակրթական ու գիտացուցադրական ոլորտներում առանձնահատուկ նվաճումներ ունեցած աշխատակիցներին։
Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ էական թարմություն կարող են մտցնել մասնագիտական սեմինարների անցկացման շարունակումը (2019 թ. անցկացվել է 19 սեմինար-դասախոսություն), ՀՑԹԻ անգլիալեզու հանդեսի հրապարակումների քանակի ավելացումը և որակի բարձրացումը, միջազգային գիտատեղեկատվական հանդեսների շարքում ընդգրկելուն ուղղված քայլերի ակտիվացումը։ Այս և նման քայլերի համար լրացուցիչ ֆինանսավորում ու ներդրումներ են անհրաժեշտ, աշխատակազմի համալրում՝ նոր ու որակյալ կադրերով, որն իր հերթին աշխատելաոճի փոփոխություն է ենթադրում։
– Ամեն տարի հազարավոր աշակերտներ են այցելում թանգարան։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում նրանց հետ, ինչպիսի՞ գիտակրթական ծրագրեր են անցկացվում։
– Թող անհամեստ չհնչի, սակայն պետք է նկատեմ, որ այս բնագավառում նոր որակ է ստեղծվել։ 2019 թվականից գործում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիրը միջին և ավագ դպրոցների ուսուցիչների համար, որի շրջանակում ՀՑԹԻ գիտաշխատողները վարում են ինտերակտիվ թեմատիկ դասախոսություններ: Ամեն տարի, հաշվի առնելով այդ և նախորդ տարիների փորձը, դպրոցականների և ուսուցիչների ցուցաբերած հետաքրքրությունը, առաջարկվող թեմաները վերանայվում են, իսկ ցանկը՝ ընդլայնվում: 2023 թ. դասախոսությունների թիվը երևի թե կանցնի վեց տասնյակը։ 2019 թվականից ի վեր հանրակրթական միջին և ավագ դպրոցների պատմության ուսուցիչների համար (ամեն անգամ շուրջ երեք տասնյակ ուսուցիչների մասնակցությամբ) կազմակերպվում է ամառային դպրոց:
2022 թ. ապրիլին հրավիրված «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի արդյունքներն ամփոփելուց հետո ՀՑԹԻ-ն դիմեց ԿԳՄՍՆ-ին Հայոց ցեղասպանության թեմային նվիրված դասընթաց կազմելու համար աշխատանքային խումբ ձևավորելու խնդրանքով։ Խումբը ստեղծվեց, աշխատեց երեք ամիս, և կազմվեց «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագիրը, որն ամբողջացվեց ՀՑԹԻ գիտաշխատողների ուժերով։ Ի դեպ, ԿԳՄՍՆ-ն վերջերս երաշխավորել է դրա գործածությունը ավագ դպրոցների աշակերտության համար:
2021 թ. ՀՑԹԻ-ի և ԱՄՆ-ում երկար տարիներ գործող «The Genocide Education Project»-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում արդեն երկու անգամ՝ 2022 և 2023 թթ. ամռանը, ՀՑԹԻ-ում, ամերիկյան ծրագրի ուժերով և ՀՑԹԻ ակտիվ մասնակցությամբ, կազմակերպվել են ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք նույնպես աննախադեպ են այս բնագավառում: Ամերիկացի փորձառու դասավանդողները պարտավորվում են ծրագրի ավարտից հետո վերապատրաստել իրենց նահանգների 20 այլ ուսուցիչների, մասնակցել նահանգային գիտաժողովների՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասերի պլաններ պատրաստել:
– Այս տարիներին ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել թանգարանի ֆոնդերում։
– Բոլոր թանգարանների ողնաշարը ֆոնդերն են. եթե ամեն ինչ կարգին է ֆոնդերում, ուրեմն ամեն ինչ կարգին է ողջ թանգարանում։ Բանն այն է, որ 2007 թվականից, նորընտիր տնօրենի բանավոր կարգադրությամբ, թանգարանային առարկաներն ու հավաքածուները չէին գրանցվում Գլխավոր (Մայր) մատյանում։ Մինչդեռ առարկայի գրանցումը Մայր մատյանում, ըստ տարբեր միջազգային կոնվենցիաների, առարկային իրավական կարգավիճակ է տալիս, ապացուցում է, որ իրը տվյալ թանգարանին է պատկանում։ Բացակայել են ֆոնդի հաշվառման, պահպանման և սպասարկման ընթացակարգերը, թանգարանը չի ունեցել ֆոնդային գնման (գնահատման) հանձնաժողով և այլն։ Տնօրեն ընտրվելուց հետո առաջին հրամաններիցս մեկը վերաբերել է ֆոնդերին. ըստ այդմ՝ սկսվել է թանգարանային առարկաների վերահաշվառման գործընթացը դրան նախորդած տասը տարիների համար։
2021 թ. ամռանն ընդունվել է ՀՑԹԻ «Թանգարանային առարկաների և հավաքածուների ֆոնդի հաշվառման, պահպանության և օգտագործման» կարգը, ձևավորվել է նաև ֆոնդային գնման (գնահատման) հանձնաժողով։ Վերսկսվել են գրանցումները Գլխավոր գույքամատյանում և ֆոնդային մատյաններում, նաև այլ աշխատանքներ են տարվել ֆոնդերին վերաբերող փաստաթղթային հենքը բարելավելու ուղղությամբ։ Թանգարանի համար կազմվել է մատուցվող ծառայությունների գնացուցակ, գործածության մեջ են դրվել նոր ձևակներ՝ դրանց պահանջները համապատասխանեցնելով այսօր գործող կարգին և այլն։ Այս քայլերն օգնել են համակարգելու ոլորտի աշխատանքը, նպաստել ֆոնդերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև իրավական առումով պաշտպանելու ՀՑԹԻ ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաները՝ իրավական հենքի վրա դնելով դրանց օգտագործման կարգը։
Շարունակվել է ֆոնդային առարկաների համալրումը, որպես նվիրատվություն ստացվել են բավականին արժեքավոր նոր հավաքածուներ, առանձին առարկաներ, լուսանկարներ և այլն։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ 3 000 միավոր թանգարանային առարկա։ Շարունակվել են հաշվառման փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: Ֆոնդերի անվտանգության մակարդակի բարձրացմանն են նպաստել մի շարք լրացուցիչ միջոցառումներ։ Նվիրատվության շնորհիվ արմատապես թարմացվել է կենցաղի առարկաների, փաստաթղթերի և գեղարվեստի ֆոնդապահոցը, տեղադրվել են նոր դարակաշարեր, շարժական ցանցավահանակներ, ինչն արմատապես լուծում է գեղանկարների պահպանության հարցը։
Ասել, թե այլևս խնդիրներ չկան, ճիշտ չէր լինի։ Բանն այն է, որ իր հիմնադրման ժամանակներից թանգարանային առարկաների անձնագրեր չեն կազմվել։ Առկա են թանգարանային արժեքների մասին այլ՝ անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, սակայն գիտաշխատողների կազմելիք անձնագրերը բացակայում են։ Ֆոնդերի աշխատակիցներն առարկաների մասին տվյալները ներբեռնում են ԿԳՄՍՆ կայքում գործող «Հայկական գանձարան» տեղեկատվական համակարգ, որը, մեր համոզմամբ, որոշ ձևափոխումներից հետո կարող է լավ հիմք դառնալ գիտական անձնագրերի համար։ Շատ լավ կլիներ, եթե գիտական և տեղեկատվական հրապարակումներ պատրաստվեին առանձին ֆոնդային առարկաների մասին՝ այդկերպ առավել արժևորելով դրանք։
– Ավելի քան քառորդ դար ձևավորված ՀՑԹԻ գիտական գրադարանը բավականին հարուստ է մասնագիտական գրականությամբ։ Ի՞նչ բնույթի փոփոխություններ են այստեղ կատարվել։
– Այո՛, կարելի է ասել, որ թանգարան-ինստիտուտը բնույթով եզակի մասնագիտական գրադարան ունի։ Ճիշտ է, այստեղ գտնվող գրքերի բացարձակ մեծամասնությունն առկա է հայաստանյան այլ գրադարաններում, սակայն այստեղ ի մի է բերված ցեղասպանագիտական հսկայական գրականություն՝ ավելի քան 20 հզր կտոր։ Անցնող տարիներին այն շարունակաբար համալրվել է տարբեր նվիրատվությունների շնորհիվ․ շուրջ 4 000 կտոր գրականություն ենք ստացել։ Մասնագիտական գրքերի տեսականին թարմացվել է ոչ միայն հայաստանցի և սփյուռքահայ անհատների նվիրատվությունների (երբեմն ամբողջական հավաքածուներ), այլև հայաստանյան և արտասահմանյան գիտական հաստատությունների ու ընկերակցությունների նվիրատվությունների շնորհիվ (ՀՀ ԳԱԱ Պատմության, Արևելագիտության ինստիտուտներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան, Հայկական ուսմանց ընկերակցություն և այլն)։
ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի և ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ սկսվել է գիտական ֆոնդից գրադարանն առանձնացնելու գործընթացը, որն օրենքի սահմաններում արդեն կարգավորում է մասնագիտական գրականությունից օգտվել ցանկացողների հարցը:
Եթե գիրքը գրանցված է որպես ֆոնդային/թանգարանային առարկա, ապա ոչ ոք իրավունք չունի դուրս հանելու ֆոնդասենյակից, քանի որ թանգարանային առարկան թանգարանի ներսում կարող է տեղաշարժվել միայն հատուկ սահմանված կարգով, որը մինչ այդ չի կիրառվել. տարիներ շարունակ գիտաշխատողները գրքերից օգտվել են իրենց աշխատասենյակներում, ինչը ֆոնդերից օգտվելու գործող կարգի խախտում է։ Այժմ գրադարանի առանձնացմամբ այդ հարցը լուծվելու է:
Արմատապես բարելավվել են գրքերի պահպանության հարցերը. Սանկտ Պետերբուրգում բնակվող գործարար Հրաչյա Պողոսյանի նվիրատվության շնորհիվ գրադարանը վերազինվել է նորաոճ, հատուկ ռելսերի վրա հավաքված մետաղյա գրապահարաններով, ինչը հիմնովին լուծել է շատ այլ խնդիրներ նույնպես։
– Ի՞նչ է կատարվել ՀՑԹԻ տեխնիկական վերազինման, թվայնացման և մուտքագրման աշխատանքների ուղղությամբ։
– Տեխնիկական վերազինման հարցում նույնպես դրական փոփոխություններ են եղել: Ինչպես վերը նշվեց, նախկինում մի շարք աշխատակիցներ ամեն օր իրենց հետ անձնական դյուրակիր համակարգիչներ էին բերում։ 2019-20 թթ. թանգարան-ինստիտուտի բոլոր համակարգիչները թարմացվեցին, ձեռք բերվեցին ավելի քան երկու տասնյակ նորերը, նաև նոր տպիչներ ու փոքր չափերի սկաներներ: Առաջին չորս համակարգիչները որպես նվիրատվություն ստացանք Արևմտահայոց ազգային համագումարի նախագահ Սուրեն Սերայդարյանից։ Ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յասմին Դում-Թրագուտի օժանդակությամբ ձեռք բերեցինք A3 գրքային լուսապատճենահանման սարք, որը հնարավոր դարձրեց թվայնացնել ՀՑԹԻ գիտական ֆոնդերում գտնվող բոլոր հուշագրությունները, ինչպես նաև բազմաթիվ գրքեր։ Նկատեմ, որ այսօր, ըստ անհրաժեշտության, գիտաշխատողներն օգտվում են հուշագրությունների թվային տարբերակներից: Ամերիկայի հայկական համագումարի նվիրաբերած լուսապատճենահանման սարքը նույնպես հնարավորություն է տալիս թվայնացնելու A3 չափի ֆոնդային նյութերը (այլ ֆորմատով)։ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում ձեռք է բերվել բարձրորակ թվային ֆոտոխցիկ և եռոտանի. դրանցով արդեն բազմիցս կատարվել են ՀՑԹԻ այցելած քաղաքացիների բանավոր հուշերի, նրանց տատիկ-պապիկների մասին պատմությունների և անձնական տվյալների հավաքագրման, տեսաձայնագրման աշխատանքներ: Կարևոր էր նաև օպերատիվ հիշողության սարքերի ձեռք բերումը, որը հնարավորություն է տվել թարմացնելու և արագացնելու գործող համակարգիչների աշխատանքը: Թանգարան-ինստիտուտի առաջնային նշանակություն ունեցող նյութերի պահպանության անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռք են բերվել նաև արտաքին կոշտ սկավառակներ/հիշողության կրիչներ։
Այս ժամանակահատվածում կարևոր էր շուրջ 1 100 սևանկարի թվայնացումը, որը հնարավոր դարձավ Հայաստանի պատմության թանգարանի տրամադրած հատուկ լուսապատճենահանման սարքի օգնությամբ։ Այս ընթացքում մուտքագրված հինգ տասնյակ հուշագրություններից ութը տպագրվել են «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի շրջանակում։
ՀՑԹԻ ֆոնդերում պահվող հուշագրությունների ձայնագրությունների թվայնացման աշխատանքները, որոնք սկսվել էին նախորդ տարիներից, աշխատակիցների ուժերով որոշ ժամանակ անց կհասցվեն ավարտին։ Կան ավելի քան 200 տեսագրություններ (ոչ հուշագրությունների), որոնք դեռևս թվայնացման կարիք ունեն։
Խնդիր ունենք մուտքագրված հուշագրությունները հանրայնացնելու գործում։ Թանգարան-ինստիտուտի աշխատակիցների ներուժը բավարար չէ մեծ քանակությամբ հուշագրություններ հրատարակության նախապատրաստելու համար. հարցը կարելի է լուծել այլ մասնագետների հետ պայմանագրային հիմունքներով գործակցելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ։ ՀՑԹԻ կրթական ծրագրերի հանրահռչակմանը մեծապես կնպաստեն աշխատակիցների ինտերակտիվ դասախոսությունների նկարահանումն ու թանգարան-ինստիտուտի յություբյան էջում տեսագրությունների տեղադրումը։ Սա ամառային դպրոցներին մասնակցած ուսուցիչների իսկ խնդրանքն է։ Այս գործն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ փոքր ստուդիա և մասնագետ։
– Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել միջազգային համագործակցության ուղղությամբ։
– 2018 թ. վերջերից շարունակվել են աշխատանքները թանգարան-ինստիտուտի միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Առաջնային է համարվել ոչ այնքան համագործակցության նոր համաձայնագրերի կնքումը, որքան որ դրանք գործնական հիմքերի վրա դնելը։
Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ 2018 թ. վերակնքված փոխըմբռնման հուշագրի շնորհիվ վերջինիս և Ավստրալիայի Դեակին համալսարանի ժամանակակից պատմության հետազոտական խմբի համագործակցությամբ 2023 թ. անցկացվեց «Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
2019 թ. Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի հետ համագործակցության պայմանագրի վերակնքման շնորհիվ ստացել ենք այդ արխիվի համիդյան շրջանի հայկական կոտորածներին վերաբերող բացառիկ նշանակության թվայնացված արխիվային նյութեր: 2020 թ. Դոնի Ռոստովի սոցիալ-մշակութային զարգացման «Քաղաք» հիմնադրամի հետ կնքված համաձայնագրի շնորհիվ «Ցեղասպանությանը՝ ոչ» վերնագրով կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ 2021 թ. Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (SAS) հետ կնքված փոխգործակցության համաձայնագրի շրջանակում ձեռք բերեցինք շուրջ 130 կտոր մասնագիտական գրականություն: 2021 թ. ՀՑԹԻ-ի և ԱՄՆ-ում գործող «The Genocide Education Project»-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, ինչպես արդեն ասացի, ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման երկու դասընթաց է կազմակերպվել: 2021 թ. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ըստ որի՝ «Շոա» հիմնադրամն իր Տեսողական պատմության արխիվից (USC SF Visual History Archive) ազատ օգտվելու իրավունք է տրամադրելու ՀՑԹԻ-ին և այն ճանաչելու է որպես իր Հավաքածուների գործընկեր: Փոխըմբռնման հուշագրեր և համագործակցության պայմանագրեր են կնքվել նաև Ռումինիայում Հոլոքոստի ուսումնասիրության Էլի Վիզելի ազգային ինստիտուտի, Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտ կորպորացիայի, Իրաքի Հալաբջայի համալսարանի հետ։
– Ի՞նչ կասեք թանգարան-ինստիտուտի կայքէջի մասին։
– Բավականին ակտիվ է ՀՑԹԻ ֆեյսբուքյան էջը, իսկ հնգալեզու կայքէջը գրեթե ամեն օր թարմացվում է: Պատրաստվել, մշակվել ու տեղադրվել են տեղեկություններ ՀՑԹԻ գործունեության, պաշտոնական պատվիրակությունների, տարաբնույթ միջոցառումների, գիտաժողովների, հայտարարությունների և այլնի մասին: Սկսել են գործել մի շարք նոր նախագծեր և ծրագրեր։
ՀՑԹԻ կայքէջը գործարկվել է 2007 թվականից և այսօր նորարարական լուծումների կարիք է զգում․ ՀՑԹԻ գործառույթների զարգացմամբ պայմանավորված՝ կայքէջն արդիականացնելու անհրաժեշտություն է առաջացել ներկայիս տեխնիկական, դիզայներական և տեխնոլոգիական պահանջներին համապատասխանեցնելու համար: Այդ հարցում թանգարան-ինստիտուտին հերթական անգամ օժանդակեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ տրամադրելով դրամաշնորհ, որի շնորհիվ թանգարան-ինստիտուտի կայքէջն արմատապես բարեփոխվելու է․ ժամանակակից գործիքակազմով, գեղարվեստական ու բովանդակային հագեցվածությամբ համալրված նոր կայքէջն առաջիկայում կներկայացվի հանրությանը:
– Դեռևս 2004 թ. ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՑԹԻ-ին 98,8 հա տարածք է տրվել։ Ի՞նչ է արվել վերջին հինգ տարում տարածքը բարեկարգելու ուղղությամբ, ի՞նչ խնդիրների եք բախվել այս տարիների ընթացքում և լուծման ի՞նչ ճանապարհներ են գործարկվել։
– Զբոսայգու ոռոգման համակարգը տարիների ընթացքում մաշվել է և արմատական բարեփոխման կարիք ունի։ Անհրաժեշտություն է զգացվում նաև ՄՀՀ-ի և քաղաքապետարանին պատկանող տարածքների ոռոգման համակարգից ՀՑԹԻ ոռոգման համակարգի տարանջատման։ Զբոսայգու աշխատակիցները քիչ են, սեզոնային աշխատողներին հաշված՝ տարվա ընթացքում 11-12 հոգի։ Այս պայմաններում անգամ բանվորական անձնակազմը հնարավորության սահմաններում ապահովում է տարածքի ոռոգումը, ծառերի ու թփերի խնամքը, մշակումը, տարածքի ընդհանուր մաքրությունը։ Ամեն տարի տնկվում է մի քանի հարյուր ծառ գերազանցապես այն տեղամասերում, որոնք ենթակա են ոռոգման։ Վերջին երկու տարվա ընթացքում չի եղել հրդեհի դեպք։ Հիմնադրամի ուժերով որոշ տեղամասերում մաքրվել և հիմնանորոգվել են ջրատար խողովակները, անցկացվել նոր ջրագծեր։ Բարերարների դրամական օժանդակությամբ կանաչապատվում են նախկինում գրեթե անմշակ մնացած տարածքները։ Մասնավորապես, ՄՀՀ-ից դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր եկող ճանապարհի եզրերը կիսանապատային իրավիճակից վեր են աճել կանաչապատ տարածքների։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանից հարավ-արևելք շուրջ 7000 քառ. մետր տարածքի վրա Պըլըխեան ընտանիքի հովանավորությամբ տնկվել է շուրջ 520 ծառ, անց է կացվել ոռոգման համակարգ։ Մեր ուշադրության կենտրոնում է Հիշողության պուրակը. այդտեղ տնկված արծաթափայլ և այլ եղևնիները ենթարկվում են պրոֆիլակտիկ բուժման և սնուցման։ Տարածքը հիմնականում քարքարոտ է։ Ժամանակին պուրակի տարածքի միայն մի հատվածն է պատշաճ կերպով մշակվել․ շատ դեպքերում եղևնիների արմատները՝ հանդիպելով ժայռաբեկորների, չեն կարողանում խորանալ, ու եղևնին կա՛մ հիվանդանում է, կա՛մ չորանում։ Որոշ տեղամասերում եղևնիները բավականին խիտ են տնկվել, ինչը ևս կարճացնում է նրանց կյանքը։ Լուծումներից մեկը կարող է լինել մի շարք տեղամասերի «թեթևացումը» և եղևնիները նոր, ավելի ազատ տեղամասերում վերատնկումը։ Նկատեմ, որ մինչև 2018 թ. շուրջ չորս տասնյակ եղևնիներ հիվանդանալու և չորանալու պատճառով հանվել են և չեն վերականգնվել. դրանց ցուցանակները պահվում են մեր ֆոնդերում։ 2019 թվականից ի վեր տնօրենությունը փորձում է հանվող եղևնիները փոխարինել նորերով, որպես կանոն, ՀՑԹԻ արտաբյուջեի սուղ միջոցների հաշվին։ Դա մեզ հիմնականում հաջողվել է։
Ծիծեռնակաբերդի զբոսայգին Երևանի կանաչապատ ամենակարևոր տարածքն է և կարող է վերածվել խորհրդանշական հանրային տարածքի: Ինչպե՞ս։ Եթե կարճ՝ տարածքը «Հիշողության զբոսայգի» վերածելու ճանապարհով: Նախագծի իրագործմամբ ընդլայնվում է Ցեղասպանության թանգարանի ցուցադրական տարածքը. այն դուրս է գալիս շենքից և տարածվում է զբոսայգում։ Պարկային մշակույթի միջոցով այցելուն հաղորդակից է դառնում պատմական հիշողությանը՝ ծանոթանալով թեʹ պատմական հայրենիքի պատմության ու մշակույթի և թեʹ առանձին տարածաշրջաններում Հայոց ցեղասպանության դրսևորումներին։
Ծրագրով նախատեսվում է զբոսայգին պայմանականորեն բաժանել ավելի քան մեկ տասնյակ հատվածների, որոնցից յուրաքանչյուրը կկրի 20-րդ դարասկզբի Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի որևէ շրջանի կամ քաղաքի/բնակավայրի, Անաոլիայում և Թրակիայում հաստատված հայկական համայնքի անվանում։ Գեղարվեստական և տեղեկատվական նպատակներով յուրաքանչյուր հատված կկազմակերպվի որևէ կենտրոնի շուրջը, որը կլինի տվյալ տարածաշրջանը կամ քաղաքը լավագույնս բնորոշող արվեստի խորհրդանշական կոթող: Այցելուների համար ապակեպատ տաղավարների մեջ կտեղադրվեն մուլտիմեդիա սարքեր, որոնց միջոցով կկազմակերպվեն յուրօրինակ փոքր ցուցադրություններ, կներկայացվեն այդ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը։ Յուրաքանչյուր հատված փաստորեն ներկայացնելու է հայոց հավաքական հիշողության մաս: Բացի խորհրդանշական կենտրոնից՝ յուրաքանչյուր հատված, հնարավորության դեպքում, ներկայացվող տարածաշրջանը բնութագրող բուսականություն կունենա, թեկուզ խորհրդանշական տարածքով: Հատվածները կմիանան կողային ուղիներով, որոնք կհատվեն մինչև Ցեղասպանության հուշահամալիրը: Հիշողության զբոսայգին պետք է բաց լինի ամեն օր՝ դառնալով Ծիծեռնակաբերդի հազարավոր այցելուների առօրյայի մասը: Այսկերպ Երևանի միակ «անսրճարան» (մեկ բացառությամբ) կանաչ տարածքը կծառայի ոչ միայն որպես քաղաքի «թոքեր», այլև ձեռք կբերի գիտամշակութային գործառույթ՝ արտացոլելով Արևմտյան Հայաստանի խճանկարը և միավորելով արևմտահայության ժառանգներին, ցեղասպանության զոհերին և վերապրածներին Հայաստանից ու Սփյուռքից:
Այս ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը հուշահամալիրի շուրջ միջազգային համախմբումն է: Սա իրականություն կդառնա «Հայկական աշխարհից» ֆինանսական ներդրումների շնորհիվ։ Յուրաքանչյուր ներդրումը կարող է հատկացվել այն հատվածին, որը խորհրդանշում է ներդրողի ընտանիքի ծագման տարածաշրջանը: Նպատակն է լինելու հնարավորինս շատ ներդրողների համախմբումն այս համահայկական ընդգրկում ունեցող նախագծի շուրջ: Դա նաև կլինի հաղորդագրություն՝ ուղղված ողջ աշխարհին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բոլոր օտարերկրյա այցելուներին․ «Մենք չենք մոռացել մեր անցյալի էջերը, անձեռնմխելի և ան¬մար ենք պահում մեր հիշողությունը գալիք սերունդների համար»:
ՀՑԹԻ հիմնադրամի զարգացման և քարոզչության համար կարևոր այս ծրագիրն առաջին անգամ 2019 թ. մայիսին ներկայացվել է Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը, հավանության արժանացել նույն տարվա աշնանը։ Մենք համագործակցում ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի հետ, և մտադիր ենք տարբեր միջոցներով, քայլ առ քայլ նախապատրաստել ծրագիրը ՀՀ կառավարության աջակցությանը դիմելու նպատակով։
– Դուք մեր զրույցի ընթացքում տարբեր առիթներով նշում էիք տարբեր մարդկանց և հաստատությունների, որոնք նյութական միջոցների տրամադրմամբ օժանդակել են ՀՑԹԻ ծրագրերին, հիմնադրամի առջև կանգնած մարտահրավերների լուծմանը։ Կարո՞ղ ենք հարցազրույցի այս հատվածում ի մի բերել այդ օժանդակությունները։
– Դուք ճիշտ նկատեցիք. առանց նման օժանդակությունների մենք շատ հարցեր չէինք կարողանա առաջ տանել։ Թե՛ ես՝ որպես տնօրեն, թեʹ թանգարան-ինստիտուտի ողջ անձնակազմը շնորհակալ ու երախտապարտ ենք մեզ անշահախնդրորեն օգնողներին։
Փորձեմ տարի առ տարի ներկայացնել այդ օժանդակությունները, (որոշ դեպքերում կարող եմ կրկնվել)։ Նախ նկատեմ, որ ՀՑԹԻ հիմնադրամին ֆինանսավորում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Գիտության կոմիտեն։ Տարեկան բյուջեի գերակշիռ մասը ծախսվում է աշխատավարձի վրա, զգալի գումարներ են կազմում կոմունալ ծախսերը։ 2018 թ.՝ տնօրեն ընտրվելու պահին, թանգարան-ինստիտուտը դժվարին ֆինանսական կացության մեջ էր․ պարտք էինք շուրջ 9,7 մլն դրամ։ Մեծ դժվարությամբ, ձգձգումներով էր վճարվում էլեկտրաէներգիայի և գազի ծախսի պարտքերը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատկանող գումարները, որոնց տոկոսադրույքով 2016-2018 թթ. ֆինանսավորվում էին ՀՑԹԻ միայն որոշ մշակութային ծրագրեր, տնօրեն ընտրվելուցս դեռևս ամիսներ առաջ հետ էր վերցրել ՀՀՀ-ն՝ «այդ գումարն ուղղելով Հիմնադրամի կողմից իրականացվող/իրականացված ծրագրերի ֆինանսավորմանը»։ ՀՑԹԻ-ի խնդրանքին ընդառաջ՝ 2018 թ. պետական բյուջեից ՀՀ կառավարությունը լրացուցիչ գումարներ տրամադրեց պարտքը մարելու համար։ Միանգամից ասեմ, որ դրանից հետո ՀՑԹԻ-ն պարտքեր չի ունեցել, ընդհակառակը, 2019-2022 թթ. աշխատակիցների աշխատավարձը երեք անգամ բարձրացել է 10-հազարական դրամով («մաքուր», առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի), ամեն տարի տրամադրվել է տարեվերջյան պարգևավճար՝ 13-րդ աշխատավարձի տեսքով։
2019 թ., ինչպես արդեն նշվեց, «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության նախագահ Սուրեն Սերայդարյանի նվիրատվության շնորհիվ ձեռք բերեցինք չորս համակարգիչ։ Մշտական ցուցադրության մաս դարձած պատկերասրահի բացման առթիվ գումարներ տրամադրեց Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի թանգարանը․ գործարանի անձնակազմն այցելեց թեʹ պատկերասրահ, թեʹ թանգարան։ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության տրամադրած գումարներով հաջողվեց կազմակերպել ««Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ․» միջազգային գիտաժողովը, համանուն ցուցահանդեսը, իսկ հաջորդ տարի՝ հոդվածների բարետես ժողովածուի հրատարակությունը։ Սանկտպետերբուրգցի հայտնի բարերար Հրաչյա Պողոսյանը նվիրաբերեց մետաղական շարժական գրադարակներ, ինչն արմատապես լուծեց ՀՑԹԻ մասնագիտական գրադարանի գրքերի տեղավորման հարցը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով մեկ այլ սփյուռքահայ բարերարի տրամադրած գումարները մեծապես օգնեցին մի շարք պարտավորություններ կատարելու գործում։ ՀՑԹԻ աշխատակիցներից Էլինա Միրզոյանի ղեկավարած խումբը շահեց ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի դրամաշնորհը:
2020 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տրամադրած դրամաշնորհով նորովի (գիտական առաջաբանով և ծանոթագրություններով) վերահրատարակվեցին «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի անգլերեն ու հայերեն տարբերակները, իսկ Ֆրանսիայի Օվեռն-Ռոն-Ալպ մարզի շրջանային խորհրդի նվիրաբերած գումարներով նորովի տպագրվեց այդ գրքի ֆրանսերեն թարգմանությունը։ Գիշյան հիմնադրամի հայտարարած մրցույթին մասնակցելով և հաղթելով՝ ՀՑԹԻ-ն հնարավորություն ստացավ ձեռք բերելու արժեքավոր ու որակյալ լազերային պրոյեկտորներ։ Արմսվիսբանկի տնօրենը թանգարանին նվիրեց շուրջ հինգ տասնյակ ռադիոգիդ և երեք տասնյակ աուդիոգիդ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով սփյուռքահայ բարերարի տրամադրած գումարներն ուղղվեցին «Լեմկին» կրթաթոշակի իրականացմանն ու այլ խնդիրների լուծմանը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 55-ամյա հուշարձանի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ու վարչական շենքի ջրամեկուսացման և հարակից այլ խնդիրների լուծման նպատակով, ՀՑԹԻ տնօրենության արծարծած հարցերին հարձագանք, ՀՀ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ տրամադրեց նշված կառույցների հիմնանորոգման նախագծային-նախահաշվային աշխատանքների համար, որի կատարման գործին լծվեց նաև հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը։ Այդ տարվանից (նաև հաջորդող տարիներին) ՀՑԹԻ-ն ազատվեց ԱԱՀ վճարելու պարտավորությունից, ինչի շնորհիվ բյուջեն նկատելիորեն ավելացավ (2019 թ. համեմատ՝ 26%). այդ գումարներն ուղղվեցին Ծիծեռնակաբերդի այգու տարածքի մշակման ու պահպանման համար անհրաժեշտ տեխնիկայի, ինչպես նաև ամառային ու ձմեռային բանվորական արտահագուստի ձեռքբերմանը, համակարգչային տեխնիկայի էական թարմացմանը։
2021 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տրամադրած դրամաշնորհն ուղղվեց ՀՑԹԻ-ի շուրջ մեկուկես տասնամյակ առաջ ստեղծված կայքի արմատական նորացմանը։ Էդիտա Գզոյանի ղեկավարությամբ գործող գիտական խումբը ՀՀ գիտության կոմիտեից դրամաշնորհ շահեց: ՀՑԹԻ կազմում ստեղծվեց Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության խումբը, որին մեկ տարի շարունակ նյութապես օժանդակում էր Հայկական ուսմանց ընկերակցությունը։
2022 թ. ՀՀ գիտության կոմիտեն և ԿԳՄՍՆ-ն ֆինանսական կարևոր ներդրում ունեցան ՀՑԹԻ կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի կազմակերպման հարցում, իսկ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը և ՀԲԸՄ-ն՝ «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում» միջազգային գիտաժողովի կայացման գործում։ Հայոց ցեղասպանության թեմայի հանրահռչակման համար մեծ նշանակություն ունեն անգլիալեզու հրատարակությունները. ՀՑԹԻ-ն հարց արծարծեց «Ռե Արմենիա» ծրագրի շրջանակում թարգմանությունների համար օժանդակություն ստանալու խնդրանքով։ Օժանդակությունը ստացվեց, հոդվածներ թարգմանվեցին և լույս տեսավ IJAGS-ի հատուկ համարը՝ նվիրված արցախյան հիմնախնդրին։ ՀՑԹԻ-ի հետ համագործակցության պայմանագիր ունեցող «The Genocide Education Project»-ի նվիրատվությամբ 2022 և 2023 թթ. անցկացվեցին ՀՑԹԻ ամառային IV և V դպրոցները հանրապետության շուրջ վեց տասնյակ ուսուցիչների համար։ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի շրջանակում ֆինանսավորվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացրած «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեման՝ հինգ տարի ժամկետով: Վստահ ենք, որ ծրագրի կատարման արդյունքներից մեկը կլինի ՀՑԹԻ-ում նոր բաժնի բացումը: ՀՑԹԻ աշխատակիցներ Էլինա Միրզոյանի և Շուշան Խաչատրյանի ղեկավարած գիտական խմբերը նույնպես դրամաշնորհներ են շահել վերոնշյալ հաստատությունից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ էապես ընդլայնվել է Հիշողության պուրակի տարածքը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանի ջանքերով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի միջոցներով 2021 թ. նոյեմբերից սկսվեցին թանգարանի ներքին բակի հիմնանորոգման աշխատանքները, մթնոլորտային ջրերի ներթափանցումից շարքից դուրս եկած կոնստրուկցիաները փոխարինվեցին նորերով:
2023 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նյութական օժանդակությամբ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գիրքը անգլերենից թարգմանվեց ռուսերեն․ լույս կտեսնի հոկտեմբերին։ «The Genocide Education Project»-ի նվիրատվությամբ ստացված գումարները կօգտագործվեն ՀՑԹԻ հաջորդ ամառային դպրոցների կազմակերպման համար։ «Երեխաներն ու ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան պատմական և արդի լույսի ներքո» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովն իրականություն դարձավ շնորհիվ ՀԲԸՄ-ի, Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և ՀՀ գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհների։ Այդ գումարներով իրականացվեց նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահի համար նոր կահույքի պատրաստումը։ Երջանկահիշատակ Նազար Նազարյանի վերջին բարեգործություններից էր վերն արդեն հիշված կենցաղի առարկաների, փաստաթղթերի և գեղարվեստի ֆոնդասենյակի հիմնանորոգումը, նոր դարակաշարերի և շարժական ցանցավահանակների տեղադրումը, ինչն արմատապես լուծում է գեղանկարների պահպանության հարցը։ Սեպտեմբերի կեսերին կայանալիք «Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ» գիտաժողովի կազմակերպման համար շատ մեծ նշանակություն ունեցան Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության տրամադրած օժանդակությունն ու ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհը։ Ինչպես արդեն ասացի, 2021-23 թթ. «Գիտնականները գիտնականների համար» պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտիչյանի անվան խրախուսական մրցանակն է տրամադրվել մի քանի անվանակարգում։
ՀՑԹԻ արտաբյուջեն գոյանում է նաև էքսկուրսիաների տոմսերի և գրքերի ու հուշանվերների վաճառքից, այլ ծառայությունների մատուցումից (պատկերների օգտագործման իրավունքի տրամադրում, պրակտիկայի կազմակերպում)։ Դրանք տարբեր տարիներին, հաշվապահության մոտավոր հաշվարկներով, կազմել են հիմնադրամի ֆինանսական մուտքերի 6-9%-ը։ Գումարած թանգարան այցելող հյուրերի նվիրատվությունները։
Մենք մտել ենք Հայոց ցեղասպանության ուսումնասիրության երկրորդ հարյուրամյակը։ Առաջ են եկել նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ։ Կարծում եմ, որ ՀՑԹԻ հիմնադրամի հետագա զարգացման համար անհրաժեշտ են նոր ներդրումներ խոշոր, նպատակային ծրագրերի իրագործման համար։ Ճանապարհներից մեկը կարող է լինել կուտակային հիմնադրամի ձևավորումը, բայց և առանձին, կոնկրետ ծրագրերի ֆինանսավորումը, մասնագիտական գրականության անընդհատ թարմացումը, «Ցեղասպանագիտություն» գիտակարգի պաշտոնական հաստատումը և ատենախոսությունների պաշտպանությունը, արտասահմանյան գիտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների ստեղծումը։ Նկատեմ, որ անցած հինգ տարիների ընթացքում ՀՑԹԻ ոչ մի գիտաշխատող կամ վարչական աշխատող պետական բյուջեի հաշվին չի մեկնել գործուղման։
– Պրն Մարության, Դուք ներկայացրիք Ձեր ղեկավարած հաստատության ձեռքբերումներն ու խնդիրները։ Դուք պատմական գիտությունների դոկտոր եք, շարունակում եք համագործակցել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, որտեղ գլխավոր գիտաշխատող եք։ Կարողացե՞լ եք վերջին հինգ տարիների ընթացքում աշխատել Ձեր գիտական հետազոտությունների վրա։
– Նախ ասեմ, որ ՀՑԹԻ-ի վերը նշված հաջողությունները ողջ անձնակազմի աշխատանքի արդյունքն է։ Թույլ տվեք ընդգծել՝ նվիրվա՛ծ աշխատանքի։ Ես ընդամենը փորձել եմ համակարգել, ինչ-ինչ հարցեր կարգավորել։ Սակայն, վարչական աշխատանքը շատ մեծ էներգիա ու ժամանակ է խլում, և գիտական հետազոտություններն ավելի դժվար են առաջ գնում։ Բայց և այնպես, պետք է շեշտեմ, որ 2018 թ. հոկտեմբերից ցայսօր հրապարակել եմ երեք տասնյակ գիտական հոդված՝ ոչ միայն հայերեն, այլև անգլերեն, հունարեն, հունգարերեն, լեհերեն, կորեերեն, զեկուցումներ եմ կարդացել 18 գիտաժողովներում (դրանցից ութը՝ արտերկրում), ևս երեք գիտաժողովի հանդես եմ գալու ելույթներով սեպտեմբերին։ Համահեղինակ եմ մեկ կոլեկտիվ մենագրության, գործընկերոջս հետ խմբագրել եմ հոդվածների ծավալուն մեկ ժողովածու, պատրաստել եմ մեկ մենագրություն (որը կուզենայի թարգմանաբար հրատարակել անգլերեն), որտեղ անդրադառնում եմ ապրիլի 24-ի ոգեկոչմանը և Հայոց ցեղասպանության հուշահամալիրին։
Թերևս այսքանը։
– Պրն Մարության, շնորհակալություն ծավալուն հարցազրույց-հաշվետվության համար։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ձեռքբերումներ։
– Շնորհակալ եմ նման հնարավորության համար։
2 սեպտեմբերի 2023 թ.
Հարցազրուցավար՝ ՀՑԹԻ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սերինե Մուրադյան