05.09.2013
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սկսում է «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի թողարկումը: Այս հանդեսում զետեղվելիք նյութերն անդրադառնալուն են Հայոց ցեղասպանության պատմության, պատմագրության, ինչպես նաև այս թեմային առնչվող մյուս հիմնախնդիրների ու ասպեկտների լիարժեք ու համապարփակ ուսումնասիրությանը:
Հանդեսի առաջին հատորում զետեղված են 1909 թ. Ադանայում տեղի ունեցած կոտորածների հարյուրամյա տարելիցի առիթով 2009 թ. ապրիլին Երևանում կայացած միջազգային գիտաժողովի նյութերը: Այս գիտաժողովին տարբեր զեկույցներով ու հաղորդումներով իրենց մասնակցությունը բերեցին հետազոտողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հունգարիայից և Ավստրիայից:
Ակնկալվում է նաև որ հանդեսը կդառնա հարմար հարթակ գիտական բանավեճերի համար, բացելով նոր հետազոտական հորիզոններ ապագա ուսումնասիրությունների համար:
Այդուհանդերձ, հանդեսը չի սահմանափակվելու միայն Հայոց ցեղասպանության առնչվող հիմնախնդիրների ուսումնասիրությամբ, այլև անդրադառնալու է այլ ժողովուրդների ցեղասպանություններին վերաբերող հարցերին, հատկապես կարևորելով համեմատական բնույթի հետազոտությունները:
Հաջորդաբար ՀՑԹԻ կողմից թողարկվող այս պարբերական հանդեսը ներկայացնելու է Հայոց ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող հայ և օտարազգի գիտնականների գիտական հրապարակումները, ՀՑԹԻ կազմակերպած գիտաժողովների նյութերը, ինչպես նաև թեմայի շուրջ լույս տեսած գրականության գրախոսականներ և այլ նյութեր:
Այս տարի լույս կտեսնի նաև մեկ այլ գիտական անգլալեզու International Journal of Armenian Genocide Studies հանդեսի առաջին համարը: