Եռօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությունն հոկտեմբերի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Տիկին Մուշիկիվաբոն շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա այցի ավարտին Հիշողության պուրակում ջրեց իր տնկած արծաթափայլ եղևնի:
Շնորհակալություն հայտնելով տիկին Լուիզ Մուշիկիվաբոյին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: