05.11.2019
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հունաստանի նախագահին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան։
Հյուրերին դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:
Հունաստանի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա Հունաստանից ժամանած պատվիրակության հետ ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:
Հունական պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ ֆրանսերեն լեզվի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը: Այցի ավարտին Հունաստանի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Ապա լրագրողների հետ շփման ժամանակ նշեց.
«Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի, չէ որ եթե ցեղասպանությունները մոռացվեն, այդ հանցագործությունները նորից կկրկնվեն: Սա ուղերձ է Երևանից բոլորին: Տեսնում ենք, որ աշխարհում նմանատիպ իրադարձությունները կրկնվում են, և կան անձինք, ովքեր թշնամի են մարդուն և քաղաքակրթությանը: Մենք վերապրել ենք նույն սարսափը, ինչ հայերը: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին և կառավարությանը մեզ հյուրընկալելու համար, որովհետև հայ-հունական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և մենք պետք է պահպանենք այս ընդհանուր հիշողությունը»:
ՀՑԹԻ տնօրենը Հունաստանի նախագահին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից:
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին