05.11.2021
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը ս. թ. նոյեմբերի 5-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի և Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Գզոյանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը նաև գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում: