Նորություններ |
ԱԿՆԻ ԿՈՏՈՐԱԾԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ Հայք ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԷՋԵՐՈՒՄ
Հայք կիսամսյա հանդեսը, որն ամերիկահայ առաջին պարբերականներից էր, հրատարակվում էր Նյու Յորքում 1891-1898 թթ.: Հայքի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը ժամանակի ամերիկահայ համայնքի նշանավոր դեմքերից Սմբատ Գաբրիելյանն էր, ով նաև Հայկական հարցին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ էր (1): Պարբերականի առաջին համարում խոսելով հրատարակման պատճառների և նպատակների մասին՝ Գաբրիելյանը նշում է այս նախաձեռնությունը սկսելու երկու պատճառ՝ արևմտահայության ծանր վիճակով պայմանավորված բոլոր ուժերի համագործակցության անհրաժեշտությունը և ամերիկահայերի համար ազգայինին հաղորդակցվելու հնարավորություն ստեղծելու ցանկությունը: Բացի այդ Հայքի նպատակն էր ներդրում ունենալ ազգային ձեռնարկումների մեջ, այդ թվում նաև գաղթականներին նյութական և բարոյահոգեբանական օժանդակություն ցույց տալ: Դրան հասնելու համար, հանդեսը իր էջերը նվիրում էր Հայկական հարցի, Հայոց պատմության և լեզվի հարցերին (2):
Արմատներով Արևմտյան Հայաստանի Ակն բնակավայրից Սմբատ Գաբրիելյանը առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում իր հայրենի բնակավայրում համիդյան սարսափի ծավալմանը: 1896 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Ակնի կոտորածի լուսաբանումը Հայքի էջերում հասկանալի պատճառներով (այդ ժամանակ տեղեկատվության համեմատաբար դանդաղ տարածվելը, հեռավորությունը, միջնորդավորված լինելը, և այլն) սկսվեց մեկ-երկու ամիս անց: Հանդեսի 1896 թ. նոյեմբերի 1-ի և դեկտեմբերի 1-ի, 1897 թ. փետրվարի 1-ի, մարտի 1-ի, մայիսի 20-ի, հունիսի 17-ի, հուլիսի 15-ի, հոկտեմբերի 15-ի համարներում առկա է հանգամանալի տեղեկատվություն այս ողբերգության մասին (3):
Չնայած Օսմանյան կառավարության ջանքերին ճնշել Ակնի կոտորածի, և ընդհանրապես արևմտահայության կոտորածների վերաբերյալ ցանկացած տեղեկության արտահոսք՝ բացի պաշտոնականից, այնուամենայնիվ տարբեր ճանապարհներով, կոտորածների (այդ թվում նաև Ակնի կոտորածի) արձագանքները հասնում էին ամենուր՝ այդ թվում Հայքի խմբագրակազմին: Ակնի կոտորածի վերաբերյալ Հայքի էջերում հիմնականում հանդիպում են կոտորածն ականատես-վերապրածների նամակները, հատկապես առանձնանում է Հայքի 1897 թ. փետրվարի 1-ի համարում լույս տեսած «Ակին կոտորածը եւ յեղափոխականութիւն» հոդվածը, որը ներկայացնում է կոտորածը վերապրած ակնեցի մի տիկնոջ պատմությունը: Նա միակն էր, ում հաջողվել էր կոտորածից հետո մեկնել Ամերիկա և որպես ականատես-վերապրող, կենդանի վկա իր շուրթերով ամեն ինչ մանրամասն ներկայացնել խմբագրությանը (4):
Մեկ այլ ուշագրավ օրինակ է Ակնից 1896 թ. սեպտեմբերի 20-ին ուղարկված և Հայքի նոյեմբերի 1-ի համարում տպագրված նամակը: Նամակի հեղինակը, մանրամասն ներկայացնելով Ակնի կոտորածի պատճառները, սկիզբը, ընթացքը, հետևանքները, պատմում է նաև Հայքի խմբագիր Ս. Գաբրիելյանի հարազատների մասին, ովքեր ևս սպանվել էին Ակնի կոտորածի ժամանակ: Այնուհետև նա դիմում է Ս. Գաբրիելյանին հետևյալ խնդրանքով. «Նորէն կը հարցնեմ, ո՞վ պիտի կերակրէ այս թշուառ ողորմելիները: Կառավարութիւնը իբր թէ չոր հացի կտոր մը կու տայ, բայց ատով մա՞րդ կ’ապրի և քանի՞ օր պիտի տայ: Եամա՜ն, այս քաղաքը անգութ և դահիճ Թրքին գթութեանը մի՛ թողուք. օգնութի՜ւն, օգնութի՜ւն: Կ. Պոլիս հայրենակից չունինք այլ ևս որ անոնց դիմենք, քեզի կը դիմենք, և քու միջոցովը Ամերիկայի մեծ ու բարի ժողովրդին, ատոնցմէ զատ բարեկամ չունինք երկրիս վրայ: Ճար արէք, մեր ողբի ձայնը, մեր խնդիրքը հասուցէք մարդկութեան այդ գթած բարեկամներուն, որ հաց տան չլինինք սովամահ. զգեստ տան, չլինինք անպատկառ. սիրտ տան, չլինինք ցաւամահ» (5):
Ակնի կոտորածի մասին տեղեկություններ են հանդիպում նաև Արևմտյան Հայաստանի այլ վայրերից ուղարկված նամակներում (6): Հայկական աղբյուրներից զատ՝ Ակնի կոտորածի վերաբերյալ Հայքում տեղ են գտել նաև արտասահմանյան մամուլից արտատպված հոդվածներ (7):
Կոտորածի նկարագրությունը
Այսպես, Հայքի վերոնշյալ համարները կարևոր տեղեկություններ են պարունակում Ակնի կոտորածի, իրականացված վայրագությունների, ոճրագործության հետևանքների վերաբերյալ: Ակնի հայերը հայտնի էին նյութական փոքր-ինչ բարվոք դրությամբ, և 1895 թ. նոյեմբերին նրանց հաջողվել էր փրկագին վճարելով ազատվել կոտորածից: Կոտորածի առաջին սպառնալիքները չեզոքանալուց հետո հայերը որպես կառավարության պաշտպանության իրենց վստահության երաշխիք նույնիսկ հանձնել էին իրենց ունեցած հատուկենտ զենքերը: Սակայն նրանք թիրախավորվեցին Կ. Պոլսի կոտորածից հետո: Որպես 1896 թ. սեպտեմբերի Ակնի կոտորածի պատճառ Ակնից սեպտեմբերի 28-ին Հայքին ուղարկված նամակում նշվում է. «Երբ կոտորածին և աւառութեանց լուրերն ամենուրեք տարածուեցան, քաղաքի Թուրք ժողովուրդն ամեն կողմէ սկսաւ այպանուիլ ու նախատուիլ և ա՛յն աստիճան քննադատուեցոււ մինչ զի զինքն շրջապատող գաւառներու ու նահանգներու Թուրք ամբոխից և իշխանութեանց իսկ ատելութիւնն գրաւեց, իբրև Հայրենիքի դաւադիրներ և Գուրանի անհարազատ զաւակներ, միշտ թուք ու մուր կրելով. այս ծաղր ու ծանակից թելադրեալ և գրգռեալ՝ որոշեցին քաւել իրենց վերադրեալ դաւադրութիւնն և ցոյց տալ իրենց կրօնակցաց թէ՝ իրենք ևս Մարգարէին հնազանդ ու հաւատարիմ ծառայներ էին, իրենէ ևս կրնային մարդախոշոշ գազաններ հանդիսանալ զէնընկեց Հայերուն տալով այնպիսի ջարդ մը, յորում ոչ ոք ցարդ գերազանցած ըլլար զիրենք: Այդ օրէն պատրաստեցին դիւական ծրագիր մը և պատեհ առիթի մը կսպասէին զայն իրագործելու, երբ Կ. Պօլսոյ ներկայ Օգոստոսի կոտորածը փութացուց զիրենք և այն տեսե՜ք, որպիսի՜ նենգութեմաբ և ստորնագոյն վատութեամբ….» (8):
Հայքի մեկ այլ համարում կարդում ենք. «Վերջապէս դէպքերն կ’ապացուցանեն թէ Թրքերը շարունակ ստեր են, շարունակ խաբեր և օրորեր են հայ երեւելիները, անդադար կթելով անոնց ստացուածքը ցվերջին կաթիլ, և վերջապէս նաև արիւնը» (9): Գրեթե բոլոր վկայությունները հաստատում են, որ կոտորածն իրականացվել է սուլթանական կառավարության հանձնարարությամբ և սկսվել է առանց որևէ պատճառի: Կոտորածի սկզբից մինչև վերջ վալին և զինվորական հրամանատարը հեռագրատանն էին, որտեղից վարում էին կոտորածի ընթացքը և անընդհատ կապի մեջ էին Կ. Պոլսի հետ:
Կոտորածի ազդանշանը տրվեց կենտրոնից ուղարկված ծածկագրված հրամանով՝ կեղծ լուր տարածելով, թե իբր Ակնի հայերը ապստամբել են, և իշխանությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն: Ինչպես միշտ, այս դեպքում ևս փորձ էր արվում մեղքը բարդել հայերի վրա: Այս ամենի մասին Հայքի համարում լույս տեսած հետևյալ վերնագրով ականատես-վերապրողի նամակում նշվում է. «Պաշտօնական տեղեկագիրն այնպէս կը ներկայացնէ իբր թէ Հայերն եկեղեցին մնացած են կիրակի և երկուշաբթի այնքան երկար ատեն որ կասկած յարուցեր են, և թէ պաշտօնեայք քննութեան երթալով տեսած են թէ Հայերն վարդապետին չլլիքը պարան ձգած կը քաշեն եղեր եկեղեցիին մէջ ասդին անդին՝ պոռալով «վարդապետ, ինչո՞ւ չթողուցիր որ ասկէ առաջ խռովութիւն հանէինք:» Թուրք պաշտօնեայք կ’ասեն թէ Հայք, 500 հրացանով զինուած, նաև «Իզմիրլեան» անունն կրող ռումբերով, դուրս են ելեր եկեղեցիէն երբ նշան մի տրուած է, և չուեր են քաղաքին վերերն, ուր հանդիպեր են զՔրդերն վռնտելէ վերադարձող զօրքերուն, կրակ են արեր զօրքերուն վցայ և սպաննեն են շատեր, և այս կերպով գրգռեր են զօրքն ի վրէժխնդրութիւն» (10): Այսպիսով, կոտորածն իրականացվել է Օսմանյան կայսրությունում սուլթան Աբդուլ Համիդի II-ի վարած հակահայկական քաղաքականության շրջանակներում, որն իր գագաթնակետին էր հասել 1890-ական թվականներին, երբ հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին, բռնի կրոնափոխվեցին կամ տարագրվեցին: Կոտորածներից զերծ չմնաց նաև Խարբերդ նահանգի հեռավոր Ակն քաղաքը: Կոտորածի հետևանքով Ակնում սպանվել է ավելի քան 2000 հայ, ներառյալ կանայք և երեխաներ: Հայկական թաղամասում գտնվող 1500 տներից 980-ը թալանվել և այրվել են: Այրվել են նաև Ակնի հայկական երկու եկեղեցիները: Ջարդի զոհ են դարձել նաև կանայք, շատերը բռնաբարվել կամ էլ առևանգվել են քրդերի կողմից: Որոշները հետագա վայրագություններից խուսափելու համար իրենց նետել են Եփրատ գետը (11): Թուրքերի կողմից իրականացված վայրագությունները լավագույնս բնութագրվում է Հայքի 1896 թ. դեկտեմբերի 1-ի համարում. «…Հազար հայու տուն կար, հիմայ 150ի չափ մնաց, այն ալ չէ թէ դիպուածով կամ գթալով մնացած է, այլ տաճկաց տուներուն կից ըլլալուն պատճառաւ, և այրած տուներու չափ ալ գրեթէ մարդ սպաննուած է կամ ողջակէզ եղած է: Տասը տարեկան արուէն սկսեալ մինչև 80 տարեկան ծերունին, քանի մը հատ ալ պառաւներ և հարսներ սպաննուած են հարստութիւն կարծուած և երևան ելած չըլլալուն համար. իսկ գոյք և կարասի կամ զգեստ անունով բան մը մնացած չէ և ոչ մէկուն տունը, նախ կողոպտուած և յետոյ այրուած է» (12): Հայքը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում նաև կոտորածից հետո Ակնի հայերի վիճակի մասին (13): Այսպիսով, գրեթե բոլոր վկայությունների հեղինակներն համակարծիք են, որ այս կոտորածն ամենասարսափելին էր Փոքր Ասիայում, Ուրֆայի կոտորածներից հետո:
Ընդհանուր առմամբ Հայքը ներկայացնում է Ակնում ծավալված իրադարձություններ՝ դրան զուգորդելով նաև քննարկվող հարցում Օսմանյան կառավարության գործողությունների հիմնական նպատակների բացահայտումը: Ակնի հեռու գտնվելու հանգամանքի հետ կապված այդ կոտորածին ավելի քիչ է անդրադարձ կատարվել ժամանակակիցների հրապարակումներում, ինչի պատճառով ուսումնասիրողների կողմից համեմատաբար քիչ ուշադրության է արժանացել: Ուստի հաշվի առնելով Ակնի ջարդի վերաբերյալ նյութի սակավությունը Հայքում ամփոփված փաստական նյութը կարևոր է այդ սահմռկեցուցիչ կոտորածի պատմության և հատկապես Միացյալ Նահանգների հայկական համայնքում դրա ունեցած արձագանքի ուսումնասիրության առումով: Ինչ վերաբերում է Հայք հանդեսի հետագա ճակատագրին, ապա ինչպես ԱՄՆ-ի հայկական գաղութում հիմնադրված մյուս հայկական անկախ մամուլը, այն ևս երկար կյանք չունեցավ ֆինանսական և ինստիտուցիոնալ հենարանի բացակայության պատճառով: Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ում լույս տեսնող այլ անկախ թերթերի նման Հայքը 1898 թ. նույնպես դադարեց գործել՝ իր տեղը զիջելով կուսակցական մամուլին:
Նարինե Հակոբյան
«Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ» հիմնադրամի հայցորդ, Հայոց ցեղասպանության հուշագրությունների, վավերագրերի և մամուլի բաժնի կրտսեր գիտաշխատող
____________________________________________
1. Robert Mirak, Torn Between Two Lands: Armenians in America, 1890 to World War I (Cambridge, Massachusetts: Harvard University Press), 1983, pp. 43, 248; Սմբատ Գաբրիելյանի, նրա հասարակական-քաղաքական գործունեության և հայացքների մասին մանրամասն տե՛ս Է. Տ. Ստեփանյան, «Սմբատ Գաբրիելյանի հասարակական-քաղաքական հայացքները և «Հայք» հանդեսը», Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 2-3 (2012), 374-388:
2. Տե՛ս «Հայք», Հայք (Նիւ Եորք), յունվար 1 1891, թիւ 1, էջ 1:
3. Տե՛ս Հայք (Նիւ Եորք), նոյեմբեր 1 1896, թիւ 11; Հայք (Նիւ Եորք), դեկտեմբեր 1 1896, թիւ 12; Հայք (Նիւ Եորք), փետրուար 1 1897, թիւ 3; Հայք (Նիւ Եորք), մարտ 1 1897, թիւ 5; Հայք (Նիւ Եորք), մայիս 20 1897, թիւ 10; Հայք (Նիւ Եորք), յունիս 17 1897, թիւ 12; Հայք (Նիւ Եորք), յուլիս 15 1897, թիւ 13; Հայք (Նիւ Եորք), հոկտեմբեր 15 1897, թիւ 19:
4. «Ակին կոտորածը եւ յեղափոխականութիւն», Հայք (Նիւ Եորք), փետրուար 1 1897, թիւ 3, 42, 43:
5. Վշտահար Ոմն, «Նամակ Ակնէն, Արհաւիրքր տէրութիւնը», Հայք (Նիւ Եորք), նոյեմբեր 1 1896, թիւ 11, 168:
6. Տե՛ս օրինակ «Ակնայ ջարդին վրայ», Հայք (Նիւ Եորք), նոյեմբեր 1 1896, թիւ 11, էջ 170, 171:
7. Տե՛ս օրինակ «Ակնայ կոտորածը, Ջարդերու Ահաւորագոյնը», Հայք (Նիւ Եորք), նոյեմբեր 1 1896, թիւ 11, էջ 170:
8. «Նամակ Ակնէն», Հայք (Նիւ Եորք), դեկտեմբեր 1 1896, թիւ 12, 183:
9. «Ակին կոտորածը եւ յեղափոխականութիւն», Հայք (Նիւ Եորք), փետրուար 1 1897, թիւ 3, 43:
10. «Ակնայ ջարդին վրայ», Հայք (Նիւ Եորք), նոյեմբեր 1 1896, թիւ 11, էջ 171:
11. «Ակնայ կոտորածը, Ջարդերու ահաւորագոյնը», Հայք (Նիւ Եորք), նոյեմբեր 1 1896, թիւ 11, էջ 170:
12. «Նամակ Ակնէն, Արհաւիրքի տէրութիւնը», Հայք (Նիւ Եորք), դեկտեմբեր 1 1896, թիւ 12, էջ 182:
13. Այդ մասին մանրամասն տե՛ս Մարիամ Չօլաեան, Հայք (Նիւ Եորք), նոյեմբեր 1 1896, թիւ 11, էջ 169, 170:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|