Այս տարի ապրիլի 24-ի հիշատակումն աչքի ընկավ առանձնահատուկ սոցցանցային ակտիվությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում բոլոր այն օգտատերերին, որոնք միացան թանգարան-ինստիտուտի կոչին՝ իրենց էջերում տեղադրելով Հայոց ցեղասպանությանն առնչվող ընտանեկան լուսանկարներն ու պատմությունները, կիսելով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակը, նաև մեզ հետ անմիջական կապ հաստատելով: Թեև նախորդ տարիներին ևս Հայոց ցեղասպանության զոհ և վերապրող հարազատներ ու բարեկամներ ունեցողները քիչ չէին իրենց գերդաստանի անդամների՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմությունները կիսելով, այդուհանդերձ, այս տարի այդ երևույթը՝ օբյեկտիվ պատճառներով շատ ավելի լայնատարած էր:
Եվս մեկ անգամ հաստատվեց, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ոչ միայն գնալով էլ ավելի է ամրապնդվում ու բյուրեղանում, այլև էլ ավելի է իմաստավորվում սերունդների մեջ՝ այսօր ու ապագայում հիշելու, պայքարելու, արդար հատուցման մասին գործուն քայլերի դիմելու առումներով,
Եվս մեկ անգամ հաստատվեց, որ նույնիսկ նրանք, որոնք չունեին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված կամ վերապրած անմիջական հարազատներ՝ միևնույն է, Հայոց ցեղասպանության հիշողությունը նաև նրանցն է, արդար հատուցման պահանջը նաև նրանցն է, որովհետև կա՛ ազգային ընդհանրական խոր գիտակցություն, կա՛ պահանջ ու կա՛ պայքար...
Եվս մեկ անգամ հաստատվեց, որ Հայոց ցեղասպանության պատմագիտական, քաղաքագիտական, իրավագիտական ուսումնասիրությունների կողքին նաև կենսագրական բնույթի ուսումնասիրություններն են կարևորվում։ Դա ընդգծվեց հատկապես անհատական մակարդակում՝ մարդկանց տրամադրած սեփական ընտանիքների պատմություններով՝ լայն դաշտ առաջարկելով նաև ազգաբաններին, հոգեբաններին, սոցիոլոգներին և այլ մասնագետների։
Շնորհակալ ենք
➤մեր կոչին արձագանքելու,
➤մեզ նոր նյութեր տրամադրելու,
➤ձեր ընտանիքին բաժին հասած Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմություններով մեզ հետ կիսվելու պատրաստակամության համար:
Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների տվյալների, նրանց վկայությունների ու հուշերի համազգային շտեմարանը համալրելը պետք է լինի յուրաքանչյուրիս պատասխանատվությունը՝ հանդեպ մեր ազգի նահատակների ու վերապրողների, որոնք մե´ր ընտանիքների նահատակներն են, մե´ր նախնիներն են, իսկ նրանց պատմությունները՝ մե´ր կյանքի պատմությունների անբաժան մասն են:
Միաժամանակ, հորդորում ենք ձեզ՝ շարունակելու ձեր պատմություններն ուղարկել հետևյալ էլ. փոստերին՝
info@genocide-museum.am; khachatryan.shushan@genocide-museum.am; mirzoyan.aram@genocide-museum.am: Ձեզ հետ կապ կհաստատեն մեր աշխատակիցները, որոնք պատասխանատու կերպով այս օրերին հավաքեցին ու կշարունակեն հավաքել ձեր տրամադրած տվյալները և ձեզ հետ հավելյալ կապ կհաստատեն:
Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ յուրաքանչյուրիդ պատմությունը:
Շնորհակալ ենք,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ