Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված է դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների պատրաստման հարցը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ կրթօջախների համար այս խնդիրն առավել քան հրատապ է դառնում:
Հաշվի առնելով այս կարևոր հրամայականը, ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կիրականացվի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:
Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:
Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ:
Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ-ի, այլ նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:
Մանրամասների համար գրել masters@armin.am էլ. հասցեին:
________________________________________
Ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, հեռ.՝ (+374 10) 55 52 40, ֆաքս՝ (+374 10) 55 46 41, էլ. փոստ՝ info@ysu.am, press@ysu.am