06.05.2022
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Ցեղասպանության երևույթը մարդկության պատմության ընթացքում
Դպրոց՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր
Ապրիլի 29-ին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի սաները տողանի շրջանակում հյուրընակալել էին ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանին:
Նախ սաները իրենք ներկայացրին թեման, ապա լսեցին բանախոսին, որը մանրամասն անդրադարձավ հատկապես «ցեղասպանություն» եզրույթի և երևույթի մեկնաբանությանը, ցեղասպանության պատճառներին:
Մասնավորապես, Ս. Մանուկյանը ցույց տվեց ցեղասպանություն եզրույթի և իրավական հասկացության ստեղծման հայկական արմատները: Լինելով Լվովի համալսարանի ուսանող՝ Ռ. Լեմկինը տեղեկացավ Բեռլինում Ս. Թեհլիրյանի կողմից Թալաաթի սպանության մասին, ու այս հետաքրքրությունը դրդեց նրան իր ամբողջ կյանքը նվիրել մարդկային խմբերի ոչնչացման հանցագործությունը միջազգային իրավունքի մաս դարձնելուն:
Բանախոսը նաև խոսեց այն պատճառների մասին, որոնք մղում են միլիոնավոր հասարակ մարդկանց մասնակցելու ցեղասպանություններին և կոչ արեց աշակերտներին միշտ դրսևորել քննական մտածողություն, կշռադատելով երևույթները, ունենալ խիզախություն կայացնելու սեփական որոշումներ, ինչպես նաև միշտ պաշտպանել թույլերին և խոցելիներին:
Խոսելով Հայոց ցեղասպանության ժամանակ բազմաթիվ ինքնապաշտպանական կռիվների, ինչպես նաև որբահավաքի շնորհիվ ազգային վերականգնման գործընթացի հաջողությունների մասին, Ս. Մանուկյանը կոչ արեց աշակերտներին երբեք չընկճվել դժվար պահերին ու հավատալ, որ հավատը, աշխատանքը և փոխօգնությունը օգնելու են հաղթահարել բոլոր դժվարությունները:
Միջոցառումից հետո, ավանդույթի համաձայն, այս տարվա շրջանավարտները նաև երկուական եղևնի տնկեցին ճեմարանի պուրակում՝ ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: