06.08.2022
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում օգոստոսի 6-ին ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար և հայցորդ Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց «Հոլոքոստի թեմայի մատուցումը տարբեր թանգարանների ցուցադրությունների և հիշատակի վայրերի միջոցով» խորագրով բաց դասախոսություն:
Այս տարվա հունիսի 24-ից մինչև հուլիսի 19-ը Աուշվիցի հրեական կենտրոն հիմնադրամի (Auschwitz Jewish Center Foundation) և Նյու Յորքի Հոլոքոստի ժառանգության թանգարանի կազմակերպած ծրագրի շրջանակում Հասմիկ Մարտիրոսյանն այցելել է Նյու Յորք, այնուհետև՝ Լեհաստանի մի շարք քաղաքներ՝ ուսումնասիրելու Հոլոքոստի թեմայի ներկայացումը տարբեր թանգարանային ցուցադրությունների, գետտոների և համակենտրոնացման ճամբարների, հուշարձանների և այլ հիշատակի վայրերի միջոցով: Ամեն տարի ծրագրին մասնակցում է տասը ասպիրանտ և հայցորդ: Արդեն քսան տարի անցկացվող ծրագրին Հայաստանից առաջին մասնակիցը եղել է Հասմիկ Մարտիրոսյանը:
Դասախոսության սկզբում Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ծրագրի որոշ մանրամասնություններ, պատմեց իր փորձի, ականատեսների հետ հանդիպումների և տարբեր դասախոսությունների մասին, որոնք անցկացվել են այդ մեկ ամսվա ընթացքում:
Բուն զեկուցումը բաղկացած էր երեք մասից: Առաջին մասը նվիրված էր Հոլոքոստի թանգարաններին՝ իրենց ցուցադրություններով և հստակ ուղղվածություններով։ Բանախոսը երկրորդ մասում ներկայացրեց, թե ինչպես են դրանք նախկին գետտոների և համակենտրոնացման ճամբարների միջոցով փորձում պահպանել Հոլոքոստի հիշողությունը և հիշատակման ավանդույթը։ Երրորդ հատվածում նա անդրադարձավ Հոլոքոստին նվիրված առանձին հուշարձանների և հիշատակի այլ վայրերի: Զեկուցման ընթացքում Հասմիկ Մարտիրոսյանը փորձեց համեմատել իր այցելած թանգարանների և Հայոց ցեղասպանության թանգարանի գործունեությունն ու քաղաքականությունը: Բանախոսը շեշտեց, որ ծրագրին մասնակցել է միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով՝ այն հետագայում Հայոց ցեղասպանության ներկայացման և հիշատակի պահպանման գործում ի սպաս դնելու համար:
Զեկուցման վերջում Հասմիկ Մարտիրոսյանը մեջբերեց ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանայի խոսքերը, որոնք գրված են Աուշվիցի համակենտրանացման ճամբարի պատին. «Նրանք, ովքեր չեն հիշում անցյալը, դատապարտված են այն նորից կրկնելու»: Զեկուցողը բանախոսությունն ամփոփեց այն մտքով, որ ցեղասպանությունների հիշատակումը կարևոր է հետագայում դրանց կանխարգելման գործում։