ՀՑԹԻ գիտաշխատողներ Ասյա Դարբինյանը և Աննա Ալեքսանյանը մասնակցեցին Զորյան ինստիտուտի կազմակերպած «Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին», Տորոնտո, Կանադա:
Սույն թվականի օգոստոսի 6-17-ը Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ Զորյան ինստիտուտի կազմակերպած ամենամյա «Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագիրը»: Ծրագիրն իրենից ներկայացնում էր երկշաբաթյա ակադեմիական կուրս, որտեղ բարձրակարգ դասախոսներն ու տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ներկայացնում և քննարկում էին մարդու իրավունքների, ցեղասպանության տեսությունների, Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների, ժխտողականություն, ցեղասպանության հոգեբանական ազդեցությունների, ցեղասպանության և միջազգային իրավունքի, ցեղասպանության կանխարգելմանն առնչվող թեմաներն ու հարցերը:
Այս տարի ծրագրին մասնակցեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Աննա Ալեքսանյանն ու Ասյա Դարբինյանը: Ա. Ալեքսանյանը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հայցորդ է, և նրա ուսումնասիրության թեման է «Հայ կնոջ փորձառությունները ցեղասպանության տարիներին»: Ա. Դարբինյանը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտ է, և նրա ուսումնասիրության թեման է «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի գործունեությունը հայ որբերի շրջանում հայոց ցեղասպանության տարիներին և նրանից հետո»:
Կրթական ծրագրի վերջին օրը մասնակիցները հանդես են եկել ամփոփիչ զեկույցներով: Ա. Ալեքսանյանը իր զեկույցի շրջանակներում ներկայացրել է ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմությունը և վերջինիս մասնակցությամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի պատմությունը: Ա. Դարբինյանը իր զեկույցում ներկայացրել է հումանիտար ինտերվենցիայի և մարդասիրական օգնության կարևորությունը և «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց» կազմակերպության կողմից իրականացված հումանիտար աշխատանքը հայ որբերի համար:
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը շնորհակալություն է հայտնում ծրագրի կազմակերպիչներին, ինչպես նաև հովանավորներին, որոնց շնորհիվ ինստիտուտի երկու երիտասարդ ուսումնասիրողների մասնակցությունը ծրագրին դարձավ իրականություն: