06.09.2023
2023 թ. սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 126 էջանոց զեկույց՝ “Risk Factors and Indicators of the Crime of Genocide in the Republic of Artsakh: Applying the UN Framework of Analysis for Atrocity Crimes to the Nagorno-Karabakh Conflict” [Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնները և ցուցիչները. ոճրագործությունների վերլուծության ՄԱԿ-ի մեխանիզմի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում] վերնագրով։
Զեկույցում ներկայացվում են փաստեր, որոնց համաձայն՝ ցեղասպանության հանցագործությունն արդեն իսկ անխուսափելի է, որը շրջափակման միջոցով իրագործվում է Արցախում. այն համապատասխանում է 1948թ. Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի հետևյալ երկու դրույթներին՝
1. Խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառել,
2. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:
Զեկույցը փաստում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային սպառնալիքները՝ մաքրելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը արցախահայերից: Ըստ զեկույցի՝ այս ելույթները, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2020 թ․ նոյեմբերի հրադադարի խախտումները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում ցեղասպանություն իրականացնելու հատուկ մտադրության ազդանշաններ են։
Զեկույցը, հաշվի առնելով Ալիևի վարչակարգում և ադրբեջանական պետական ինստիտուտներում արմատացած՝ հայերին վերացնելու արդբեջանական հայատյացության խոր հիմքերը և դրսևորումները, նաև եզրակացնում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է:
Զեկույցը նաև ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ մոտ ապագայում Ալիևը կարող է ռազմական հարձակում նախաձեռնել Արցախի վրա, ինչը կհանգեցնի ցեղասպանության՝ ֆիզիկական սպանությունների փուլին։ Զեկույցում ներկայացված են նաև 12 առաջարկություններ: Ամենակարևորը՝ զեկույցն առաջարկում է իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ փաստելով, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. «Ճանաչել Արցախի ժողովրդի՝ հանուն պետականության միջազգային պահանջներին համապատասխան պետություն ստեղծելու տասնամյակների ջանքերը, ինչի արդյունքում ստեղծվել է կառավարություն՝ հիմնված իշխանությունների բաժանման և ժողովրդավարական ներկայացուցչության վրա»։
Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ՝
https://bit.ly/ArtsakhGenocideReport։