07.10.2009
Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ և հայասեր Ժան Ժորեսը ծնվել է 1859թ. սեպտեմբերի 3-ին Կաստրում:
1885թ.-ին ընտրվել է Կաստրի պատգամավոր: Իր քաղաքական գործունեության սկզբնական շրջանում` 1880-ական թվականներին, նա համագործակցում էր հանրապետականների հետ, սակայն 1893 թ.-ց հարում է սոցիալիստական խմբին: 1902թ. Ժ. Ժորեսը գլխավորում է սոցիալիստական աջ կուսակցությունը, իսկ 1905թ. Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության հետ միավորումից հետո` միացյալ սոցիալիստական կուսակցության աջ թևը:
1904թ. նրա ջանքերով հիմնադրվեց «Հումանիտե» թերթը:
Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ:
1896թ. նոյեմբերի 3-ին, 1897թ. փետրվարի 22-ին և 1897թ. մարտի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանում արտասանած իր ճառերում դատապարտելով հայկական կոտորածները և եվրոպական երկրների` մասնավորապես Ֆրանսիայի անտարբերությունն այդ հարցի վերաբերյալ, նա նշում է. «Ինչպիսի կատարյալ լռություն լրատվության կողմից, որին ինձ հայտնի մի կուսակցություն ուղղակի կամ անուղղակի վճարել է լռելու համար, լռություն իր մեծ հանդեսից, որի գլխավոր ներդնողները օսմանյան շահառուներն են, սակայն, հատկապես Ֆրանսիայի կառավարության լռությունը: Ինչպես ամբողջ այդ հեղեղված արյան առջև, այդ ոչնչացումների և վայրագությունների առջև, Ֆրանսիայում խոսքի և մարդու իրավունքների այս ճնշման առջև ոչ մի ճիչ դուրս չեկավ ձեր բերաններից, ոչ մի խոսք դուրս չեկավ ձեր գաղափարներից, և դուք լուռ վկա եք, հետևաբար ջարդերի կատարյալ մեղսակից…»: Համիդյան ջարդերին Ժ. Ժորեսն անդրադարձել է նաև 1903թ. փետրվարի 15-ին Փարիզում արտասանած իր ճառում:
Ժ. Ժորեսն արձագանքել է նաև 1909թ. Կիլիկիայի ապրիլյան կոտորածներին:
Երկար տարիներ Ժ. Ժորեսը եղել է նաև «Pro Armenia» երկշաբաթաթերթի խմբագրական կոմիտեի անդամ:
Ժան Ժորեսը սպանվել է 1914թ. հուլիսի 31-ին Փարիզում` Ռաուլ Վիլենի կողմից: Թաղվել է Փարիզի Պանթեոնում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է հոբելյանական բացիկ` ֆրանսիացի նշանավոր քաղաքական գործիչ ու հայասեր Ժան Ժորեսի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ: