07.10.2022
Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի (ԵՄՔԱ, անգլերեն՝ Young Men's Christian Association, YMCA) անդամները հոկտեմբերի 5-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղան Հիշողության պուրակում, որտեղ ջրեցին 2015 թ. ԵՄՔԱ-ի կողմից տնկված արծաթափայլ եղևնին:
Ասոցիացիայի անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև ՀՑԹԻ գիտաժողովների սրահում դասախոսություն կարդաց ԵՄՔԱ-ի եվրոպական ալյանսի գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը: