Ս.թ. ապրիլի 6-ին Անթիլիասի մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի նախագահությամբ բացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կիպրոսի, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին ներկա էր նաև ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը բացման խոսքում նշեց, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման աշխատանքները երեք ճանապարհ ունեն` պատմական, քաղաքական ևիրավական: «Ժամանակն է, որ առանց անտեսելու առաջին երկուսը` հստակ առաջնահերթություն տանք իրավական կողմին, և այս առումով հսկայական աշխատանք ունենք կատարելու»,- ընդգծեց Կիլիկիո կաթողիկոսը:
Այնուհետև ելույթ ունեցան Սեդա Խտշյանը, Աշոտ Քոչարյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Հակոբ Կերկերյանը, Եղիկ Ճերեճյանը, ինչպես նաև մյուս ներկաները:
ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն իր խոսքում անդրադարձավ մինչև 2015 թվականի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների անցկացմանը և ընդգծեց ու կոչ արեց լինել միասնական, չգործել հատվածական: «Հայկական հատվածական ռազմավարություն չպետք է լինի, տարբեր լեզուներով խոսելու իրավունք չունենք», - նշեց Հայկ Դեմոյանը: