08.05.2015
Մայիսի 6-ին Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մարվեցին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով մեկ նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» գեղաթերթիկի դիզայնն ու բովանդակային լուծումներն արվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից:
Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն»
Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը` Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:
Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և «Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը:
Մարումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի ներկայությամբ: