08.05.2021
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համագործակցում է hայաստանյան տարբեր թանգարանների հետ: Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի հետ ՀՑԹԻ համագործակցությունն երկար պատմություն ունի: Դեռ 2016 թ. Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը ՀՑԹԻ-ին ժամանակավոր ի պահ էր հանձնել իր ֆոնդերի ավելի քան 1200 միավոր թանգարանային առարկաներ, որոնց վերաբերյալ կազմվել էին էլեկտրոնային ցուցակներ: Թվայնացվել էին շուրջ 700 բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթեր, Հայոց ցեղասպանության և Հաճընի 1920 թ. հերոսամարտի ականատես վերապրողների վկայություններ և այլն: Թվայնացված միավորները պահպանվում են ինչպես Կիլիկիայի հայերի պատմության թանգարանում, այնպես էլ ՀՑԹԻ-ում:
Երկու թանգարանների միջև սերտ համագործակցություն է արձանագրվել մասնավորապես 2020-2021 թթ. ժամանակավոր ցուցադրություների կազմակերպման ընթացքում: 2020 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպեց Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին նվիրված «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի համար Կիլիկիայի հայերի պատմության թանգարանն իր թանգարանային հավաքածուից տրամադրեց բացառիկ ցուցանմուշներ և լուսանկարներ (տե´ս՝
http://genocide-museum.am/arm/Kilikia100-TempExh.php)։
Ս. թ. ապրիլի 23-ին Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցավ Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի նոր ցուցադրության հանդիսավոր բացումը՝ նվիրված Հաճընի 1920 թ. հերոսամարտի 100-րդ տարելիցին: Ի նշան երախտագիտության և համագործակցության՝ Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը Հաճընի հերոսամարտի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված հուշամեդալ շնորհեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին: